Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ. Նիկոլ Փաշինյանը՝ բանակում հերթական մահվան դեպքի մասին

Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ, այսօրվա ճեպազրույի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում այսօր զինծառայողի մահվան հերթական դեպքին։

«Ես որոշում արդեն կայացրել եմ․ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։

Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: