Աջափնյակում մետրոյի նոր կայարան կկառուցվի։ Դրա համար Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը միայն նախագծահաշվարկային աշխատանքի համար հատկացրեց 1,1 միլիրադ դրամ։
«Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-առաջին փուլի աշխատանքն ամփոփեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Երեւանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1,1 մլր դրչամը, տարբերությունը հետագայում քաղաքապետարանը կլրացնի»,-ասաց նախարարը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց․ «Նախնական հաշվարկներով՝ Աջափնյակի կայարանի շինարարությունը տեւելու է 48 ամիս, այսինքն երկու տարում կարողանալու ենք կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է 1,5 կմ, կայարանի շինարարությունը նաեւ ենթադրում է մետրո-կամուրջ, որն այս պահի դրությամբ երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով եւ հեծաններով, նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ: Այս պահին դեռեւս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին: Բայց որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,-ասաց Ավինյանը:
Ավինյանն ասաց, որ նախկինում մետրոյի կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են արվել, այնտեղ շենք է կառուցվել: Կայարանը 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ՝ շինարարությունը 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու։
Շինարարությունը լինելու է բաց տարածքում՝ Թումոյի մայթին: Փորվածքը լինելու է վերևից, ոչ թե տակից։ Երկրորդ փուլն ավարտվելուն պես նախագիծը կուղարկվի փորձաքննության։
Տարեվերջին մետրոյի նոր կայարանաի վերջնական նախագիծը պատրաստ կլինի․ տեղեկացրեց Տիգրան Ավինյանը։