ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի, և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։
Նա այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։
«Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ պլանավորված դադարի համաձայն՝ ապրիլիցհայկական ատոմակայանը վերանորոգման նպատակով հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից։ Նախարարը հավաստիացրեց, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։
Խուդաթյանն ընդգծեց, որ արևային կայանների հզորությունն ընդհանուր մասնաբաժնում կազմում է 1100 ՄՎտ ։
Նախարարը միաժամանակ հատկանշական համարեց, որ էներգետիկայի ոլորտում Իրանի հետ հիանալի համագործակցություն է հաստատված։
Նրա խոսքով՝ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները կավարտվեն արդեն 2026-ին. աշխատանքները 85 %-ով ավարտված են՝ թույլ տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրան։





