Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հիշեցրեցին, որ շատ բուժառուներ երբեմն օրեր շարունակ սպասում են նեղ մասնագետի մոտ հայտնվելու համար։
Ի պատասխան՝ նախարարը շեշտեց՝ համակարգում ռիսկերը կառավարելի են, իսկ քաղաքացիների դիմելիությունն աճում է: Նա հավաստիացրեց, որ ծրագիրը սահուն կերպով շարունակվում է՝ մոնիթորինգի և շտկումների համար բավարար գործիքակազմով:
«Ուզում եմ հստակ արձանագրել՝ 2025 թվականին պետպատվերի շրջանակներում բոլոր նրանք, ովքեր ունեին բժշկական օգնության կարիք, ստացել են այն»,- ասաց Ավանեսյանը՝ չբացառելով, որ որոշ ծառայությունների համար քաղաքացիները սպասել են ընդհուպ մեկ ամիս։
Նախարարի խոսքով՝ ապահովագրության շրջանակում 3 օրում բժշկական ծառայություն ստանալը գերազանց ցուցանիշ է, հատկապես եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, որտեղ նեղ մասնագետի մոտ հայտնվելու ժամանակն ավելի երկար է։
Պատասխանելով ապահովագրական համակարգում հնարավոր հերթերի վերաբերյալ հարցին՝ Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ որոշ ծառայություններ, այո՛, կարող են ենթադրել հերթագրում, սակայն առաջին ամսվա արդյունքները լավատեսություն են ներշնչում։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ քաղաքացիները ստիպված չեն լինի երկար սպասել։
«Համակարգը և ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավարար գործիքներ այդ հերթագրումները ճիշտ ֆիքսելու և միջոցներ ձեռնարկելու համար, և կարծում եմ՝ մենք այդպես էլ կշարունակենք», -նշեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հատուկ շեշտեց կանխարգելիչ բժշկության դերը՝ նշելով, որ համընդհանուր ապահովագրություն ունեցող քաղաքացիները կկարողանան կանոնավոր կանխարգելիչ հետազոտություններ անցնել։ Դրանք կարող են պարտադիր դառնալ, և այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի նման հետազոտություններ անցնելն ավելի պարզ և հարմար լինի։ Այդ նպատակով «Armed» համակարգում նախատեսվում է ներդնել հարցաշար. պացիենտը պատասխանում է հարցերին, համակարգը գնահատում է ռիսկերը և դրա հիման վրա նշանակվում են ավելի սպեցիֆիկ ու թիրախային հետազոտություններ։
Բացի կանխարգելիչ հետազոտություններից՝ նախարարի խոսքով Հայաստանում իրականացվում են և կընդլայնվեն զննման ծրագրերը, որոնք թույլ կտան վաղ փուլերում հայտնաբերել տարբեր հիվանդություններ։





