Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, ապա անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել, միայն լավ դիրքերից հարձակվելը չէ։ Խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը, եթե ապրեիք Տավուշում, մեզ նման հաճախակի լինեիք անտառներում՝ կպատկերացնեիք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր մտահոգություն է հայտնել Ոսկեպարի բնակչուհին՝ միաժամանակ աբսուրդ որակելով լավ դիրքերը թշնամուն հանձնելը։
«Կարծում եք՝ մենք էլ բան ու գործ տանը չունենք, հա՞։ Ոչ օր ենք հասկանում, ոչ ժամ ու պատարագ։ Օրներս անցնում է, նկատում ենք, որ ամենափոքրերը քնել են, ժամին ենք նայում ու հասկանում ենք, որ ուշ գիշեր է։Երեխաներն էլ հետներս դիմանում են՝ շատ ժամանակ մինչև գիշերվա 2- 3-ը։ Ախր անտառային տարածք է, հեշտ չի վերահսկելը»,- նշեց բնակչուհին, որը զինվորականի կին է։
Այսօր Ոսկեպարում մտահոգություն բոլորը ունեն, բայց շատերն են խուսափում այդ մասին բարձրաձայնել հրապարակավ՝ վախենալով թիրախավորումից։ Մեր զրուցակիցը եւս, նախընտրեց չհրապարակել իր անհատական տվյալները, զինվորականներին թիրաշավորումից զերծ պահելու համար։ Բայց ասաց, որ ողջ կյանքը հաշտ է եղել՝ բանակի հետ կյանքը կապած ընտանիքի դժվարությունները հաղթահարելու հետ, թեեւ դա խանգարել է նաեւ իր երեխաների կրթությանը։
Բնակչուհին հաստատեց, որ Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիներ էին նկատվել, հավաքվել էին մարդիկ, շատ էին անհանգիստ, համանյքապետն էր բացատրում, որ սահմանազատել են արդեն։
«Բնակիչներին էլ նյարդեր չեն մնացել, լարված են։ Չեն հաշտվելու, անհնար է այսպես»,- իր ձայնն էլ բավական լարված,մեզ հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակչուհին։
Հիշեցնենք, որ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի բնակիչներն արդեն 11 օր է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Ոսկեպար-Կիրանց հատվածը ։Նրանք բողոքում են ՀՀ իշխանությունների կողմից անցկացվող ապօրինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի դեմ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ոսկեպարի համայնքապետն ասել էր, որ իրենց համայնքի հատվածում սահմանազատումն ավարտել են, հասել գետի այն կողմ ու կանգ առել՝ եռանկյունու հատվածում, բայց բնակչության շրջանում շատ մեծ անհանգստություն կա։
Աղբյուր` Փաստինֆո









