Հանցագործությունների կանխարգելմանն հարցում Մարդու իրավունքների պաշտպանը և պաշտպանի հաստատությունը չունեն մանդատ և լիազորություններ։ Ինչ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանությանը, ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից: Այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Նարեկ Օհանյանին ՔԿ–ի կողմից գլխավոր մեղադրյալ կոչելուն:
«Կարծես թե նոր են բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում։ Մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում հրապարակային ևս պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված։ Բայց մեկ անգամ ևս շեշտադրեմ, որ չափազանց կարևոր է, որ թե պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահ մարմինները, նաև շահագրգիռ բոլոր կողմերը, նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, նաև դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է»,- ասաց ՄԻՊ-ը:
Նա հավելեց, որ կարևոր է շատ լուրջ վերաբերել ավելորդ հայտարարություններ չանելուն կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպին:
«Այս առումով դեռևս խախտումների մասին չեմ կարող խոսել, որովհետև հընթացս պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել և հրապարակել»,-եզրափակել է Մանասյանը։