Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է),  դադարում է գոյություն ունենալ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. «Այսօր առաջին կուրսի ուսանողուհին, տեսանելի ցավի զգացումով, նշեց հետևյալ միտքը․ «Սահմանադրական դատարանը վերացրել է անկախության հռչակագիրը, այն դարձրել է պատմական փաստաթուղթ»։

Ուսանողներին առաջարկում եմ վերընթերցել 2020թ․ հրատարակված հոդվածը, որում առկա են հետևյալ թեզերը․

 Թեզ 1․ Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից (կամ որևէ դատարանի քաղաքական դիրքորոշումից՝ ավելացում հոդվածին):

Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները (կամ որևէ դատարանի դիրքորոշում՝ ավելացում) փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), իսկ Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:

Թեզ 2․ Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է),  դադարում է գոյություն ունենալ։

Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի և ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։

Այսպիսով՝ որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ՈՒՆԱԿ ՉԷ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն, իսկ երիտասարդությունը, իր հերթին,  իր գիտակցության մեջ պահում և ամրապնդում է Անկախության հռչակագրի իրավաբանական ուժի և արժեքի օբյեկտիվ գոյության մասին պահանջը»