Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կարծիքով՝ «Անիֆ»-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն:
«Եթե այդտեղ կան այդտեղ չարաշահումներ, անպայման մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, այդտեղ հարց չկա»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
«Քաղաքական տեսանկյունից, թե ինչպիսին է էկոնոմիկայի նախարարը տեսնում համակարգը, և արդյոք մեզ այդպիսի ֆոնդեր մեզ պետք են, թե ոչ: Ո՛չ, կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն: Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք տարբեր գործիքակազմերով տարբեր ոլորտների: Այս քաղաքականություններն ավելի արդյունավետ է, քան այն քաղաքականությունները, որտեղ պետությունը որոշակի մասնաբաժին է ունենում, որոշակի ներդրումներ է իրականացնում և ուղղակի մասնակցություն է ունենում»,-ասաց Պապոյանը:
Հարցին՝ իրենց քաղաքական թիմն արդյոք սխալ որոշում է կայացրել այդ ֆոնդը ստեղծելով՝ Պապոյանը պատասխանեց՝ սխալ չէ, սակայն պետք է նշել, որ ամեն մի որոշում տվյալ ժամանակահատվածի համար է ճիշտ:
«Կոնկրետ «Ֆլայ Առնայի» մասով վարչապետը պարզաբանեց: Այն ժամանակ, որ ոչ մի օդանավ Հայաստանից չէր թռչում ու ոչ մի օդանավ Հայաստան չէր գալիս, դա շատ խիստ անհրաժեշտություն է եղել, և կառավարությունն այդ քայլն արել է»,- ասաց նա:
Իսկ թե արդյոք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան՝ Պապոյանն պատասխանեց՝ տեղյակ չէ։
«Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնք իմ տիրույթում չեն, իրավապահ համակարգին դիմեք»,- ասաց նա: