Լավ ավտոբուսներով երթևեկելու համար պետք է շատ վճարել, ուղեվարձի թանկացումը բարեփոխում էհամարվում
Այս դարակազմիկ տխմարության հեղինակը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն է։
Սույն անձը անկասկած կիլոմետրով հեռու է քաղաքատնտեսությունից, տնտեսության պլանավորումից, տնտեսագիտությունից, նաև առողջ տրամաբանությունից։
Այս ամենը մեզ պարտադրեց, որպեսզի սկսենք հետազոտել տվյալ անձի աշխատանքային, մասնագիտական գործունեությունը և փորձենք ըմբռնել վերջապես, թե ով է նա և ինչ գործ ունի մայրաքաղաքի կառավարման մեջ։
Պարզվեց, որ 1998 թվականին ծնված այս հայ քաղաքական գործիչն իր կյանքում ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատել, մարդը մի տարի ինչ-որ մեկի օգնական է եղել և վերջ։ Փաստացի տրանսպորտում, տնտեսության մեջ ոչ մի օր չաշխատած անձը դատողություններ է անում, որոնք ոչ միայն ծիծաղելի են, այլև հույժ վտանգավոր։
Քանի դեռ նա Whatsapp հավելվածով ազատման հաղորդագրություն չի ստացել, նրան հրավիրում եմ անվճար դասի, որտեղ հիմնական նյութը ամորտիզացիա կամ մաշվածքի փոխանցում առարկան է։
Մի ամբողջ խմբակցություն ղեկավարող այս լուսապայծառ անհատը չգիտի, որ ամորտիզացիան (մաշվածքամարում), հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումն է ստացվող արդյունքին։
Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։
Եվ վերջապես, հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց` գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։
Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։
Նախնական գիտելիքների տրամադրման ավարտին սույն կիսագրագետին կբացատրենք նաև, որ բերված նոր ավտոբուսների համար ամորտիզացիոն մասհանումները արդեն իսկ ներառված են ուղեվարձի գնի ինքնարժեքի մեջ։ Այդպիսով նոր կամ հին լինելը չի կարող գնի բարձրացման պատճառ հանդիսանալ։
Սույն երիտասարդին, որը կարծես տրամաբանությանհետ խնդիրներ էլ ունի, տանք մի հարց ևս. եթե բերված ավտոբուսները հնանան, ուղեվարձի գինը իջեցնելո՞ւ եք:
Հարգելի քաղաքացիներ, սա և իր խմբակցությունը վարում են հակաժողովրդական քաղաքականություն։ Սրանց ապիկար աշխատանքի հետևանքը կլինի քաղաքային տրանսպորտի բոյկոտը եվ քաղաքային տնտեսության ոչնչացումը։
Ո՛չ 300 դրամանոց թալանին։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ