Այս իշխանությունը Գյումրիի համար արտառոց բաներ չի էլ արել, ինչ ծրագիր էլ որ եղել է, նախորդների օրոք է ստորագրվել, հիմա իրագործվում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Փաստինֆո»-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Շիրակի մարզպետ, իմքայլական նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝Արման Բաղդասարյանը հրաժարվել է ավագանու մանդատից և լքել ՔՊ-ն: Շիրակի մարզպետի եղբայրը հայտարարել է, որ «ձախողում են քաղաքի կառավարումը», այդ պատճառով էլ նման որոշում է կայացրել:
Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ Արման Բաղդասարյանը սրանով հստակ ուղերձ է հղել իր քրոջը՝ մարզպետին, ինչպես նաև ողջ քաղաքական թիմին:
«Արմանը պետք է ներկայացնի, ինքն ի՞նչ ծրագրեր է ունեցել, որոնք ձախողել են: Եթե մարզպետի եղբայրն ընդունում է, որ Բալասանյան դաշինքի հետ իրենց ձևավորված կոալիցիան տապալված է, ուրեմն ես սա ընդունում եմ ի գիտություն, բայց որքան հասկացա, սա միայն Արմանի կարծիքն է, եթե ինքը միայնակ է դուրս եկել ավագանուց, ապա կարելի է արձանագրել, որ ՔՊ-ի մյուս անդամներն այս պահով նրա հետ համաձայն չեն: Ես վաղուց եմ ճանաչում Արմանին, վաղուց գիտեմ նաև նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանին, պետք է նշեմ, որ ամեն դեպքում Արմանն ավելի ազնիվ է, ավելի օբյեկտիվ է, խնդիրն այն է, որ Արմանն այստեղ փոքրամասնություն է, իսկ ՔՊ-ի մյուս անդամները չեն կիսում այս կարծիքը»,-ասաց Գագիկ Համբարյանը:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ մարզպետի եղբայրը վաղուց է ընդդիմադիր կեցվածք ընդունել, ավագանու նիստերին հաճախ է հակադարձել և սուր հարցեր բարձրացրել.
«Ես ավագանու վերջին երկու նիստերի ընթացքում նկատեցի, որ մարզպետի եղբայրը ընդդիմադիր կեցվածք է ընդունում ավագանիում քննարկվող շատ հարցերի ժամանակ, սա զարմանալի էր, որովհետև իրենք, լինելով կոալիցիոն կառավարման անդամներ, Բալասանյան դաշինքի հետ պետք է համատեղ գործեն, նրա վարքագիծը ավագանու նիստերի ժամանակ շատ տարօրինակ էր, ես ինչ-որ բան սպասում էի, քանի որ այսպես երկար չէր կարող շարունակվել , նա այնպիսի հարցեր էր բարձրացնում, որ որոնք ավելի շատ պետք է բարձրացվեր ավագանու կողմից»,-ասաց Համբարյանը:
Ինչ վերաբերվում է Գյումրու կառավարումը ձախողելու մասին հայտարարությանը՝ զրուցակիցը նշեց, որ Գյումրու ավագանու ընտրություններից անցել է 6-7 ամիս, սակայն ինքն առանձնանպես ակտիվություն, հստակ ծրագրեր, բարեփոխումներ չի տեսել, ուստի պետք է հստակ նշել՝ ի՞նչ ծրագիր է եղել, որն էլ ձախողվել է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո միայն մեկ բան կարող եմ արձանագրել որպես դրական, դա այն է, որ նախորդ իշխանությունների ժամանակ ստորագրված պայմանագրերը կյանքի են կոչվում՝ Սերժ Սարգսյանի օրոք, օրինակ՝ փողոցաշինությունը , որն արվում է Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի բերած ծրագիը չի եղել, դա 24 մլն եվրո արժողությամբ ծրագիր է, որը Գյումրիի համար բերվել է նախորդ իշխանությունների օրոք»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Աղբյուր` Փաստինֆո