Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդի և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ ԱռաքելականԱ եկեղեցու՝ Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Սուրբ Ծննդի տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվում է Ս. Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության նախատոնակներին:
Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը: