Դուք պետք է հասկանաք, որ այսօր, այս վերջին հինգ տարիների ընթացքում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը. ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քվորում չկար, ինչի պատճառով էլ ԱԺ նիստն ուշ սկսվեց, այն դեպքում, երբ ԱԺ նիստերի դահլիճում էր Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին միջազգային հարթակներում, և մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում։ Ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, Տիկին Դավոյանը հիմա այստեղ չի, Սոնա Ղազարյանը պուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը պուճուր բալիկ ունի, տիկին Տիգրանյանը բալիկ ունի։
Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գործուղման են։ Պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան. երկու-երեք հոգի գործուղման են, և բնական է՝ եթե մի հոգի հանկարծ, մարդ ես, ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով, կարող է այսպիսի բան լինի, և 10 րոպե նիստն ուշանում է։
Այո՛, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում»,– ասաց նա։
Անդրադառնալով փաստին, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը գտնվում էին դահլիճում, սակայն չէին գրանցվել, ԱԺ նախագահը նկատեց.
«Դե դա իրենց քաղաքական աստղային ժամն էր, որ իրենք ինչ-որ ձևով կարևորվեցին, և իրենք իրենց երկու ձայնը չգրանցեցին, որպեսզի քվորում չլինի։ Իրենց քաղաքական հաղթանակներ եմ մաղթում։
Հարցին՝ ԱԺ դահլիճից հեռացած Նիկոլ Փաշինյանն արդյոք կրկին վերադառնալու է, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան հնչեցրեց։
«Իհարկե վերադառնալու է, գործ կար, հանդիպում կար, պարոն վարչապետն ասաց, որ քիչ անց կվերադառնա»։





