Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։ Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու, նաև Լաչինի միջանցքի բացման հարցում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։