Եթե Ամուլսարի հանքը չաշխատի, իհարկե, տնտեսական աճը կլինի ավելի ցածր։ Եթե Ամուլսարն աշխատի, ապա տնտեսական աճը, կարծում ենք, որ ոչ միայն այս, այլ նաևև հաջորդ տարիների, կվերանայենք դեպի ավելի բարձր ուղղությամբ՝ հատկապես հաջորդ տարիներին, այսօր կայացած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որովհետև Ամուլսարն ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան 1 տոկոս լրացուցիչ կաճի, և մեր պետությունը տարեկան լրացուցիչ 120 միլիոն դոլար հարկ կստանա, և լրացուցիչ կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները կստանան իրենց դոտացիաները և այսպես շարունակ։
Այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն։ Եվ կարծում ենք՝ հաջորդ տարվա համար թիրախ ենք դրել 5,5 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ ունենալ։
Վերաարտահանման հատվածով ցուցանիշները ներգրավված չեն։ Վերաարտահանման արդյունքում, ըստ էության, մեծ ՀՆԱ չի էլ ստեղծվում։ Առանձին մարդիկ եկամուտներ ստանում են, այո։ Եվ այդ եկամուտներով, ենթադրենք, խանութ կամ ռեստորան են բացում։ Բայց մեծ հաշվով այդ մեծ շրջանառության մեջ իրենց շահույթն է փոքր, և իրենց վճարած հարկն է՛լ ավելի փոքր է։
Ոսկին ինքը թանկ ապրանք է. ստացվում է՝ շրջանառությունը՝ մեծ, բայց շահութաբերությունը, այն ինչ մնում է որպես ՀՆԱ՝ քիչ։ Այ դրա փոխարեն Ամուլսարի դեպքն ուրիշ է, որովհետև Ամուլսարի դեպքում մենք ոսկի ենք արդյունահանում, և դրա համար է, որ տնտեսության վրա ազդեցությունը 1 տոկոս է»,- ամփոփեց Գևորգ Պապոյանը։