Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն 4,1 միլիոն դոլարի չափով մարդասիրական լրացուցիչ օգնություն կհատկացնի արցախցիներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը՝ նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ  2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

 «Այս լրացուցիչ աջակցության միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած, խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: