ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ուր անդրադարձել են Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի առաջնահերթություններին ու համագործակցության հույս հայտնել գործող վարչակազմի հետ այդ հարցերի շուրջ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ հիմնական խնդրանքներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակի կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները՝ հենվելով 2025 թվականի հունվարի 15-ին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա:
«Այդ համաձայնագիրն արտացոլում է Կոնգրեսի անդամների երկկուսակցական լայն կոալիցիայի ջանքերը, որոնք զարգացրել են այս կարևոր երկկողմ հարաբերությունները մի քանի վարչակազմերի հետ: Այն ցույց է տալիս Հայաստանի կառավարության կողմից 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արձանագրած աճն ու զգալի բարեփոխումները։ Ամենակարևորը, ռազմավարական գործընկերությունը դուռ է բացում մեր երկրների միջև ավելի սերտ երկկողմ կապերի համար, հնարավորություն ստեղծում Հայաստանի տնտեսական ապագայում ամերիկյան հետագա ներդրումների համար և ընդհանուր առմամբ ավելի ամուր կապ ստեղծում մեր ժողովուրդների միջև»,- գրում են ամերիկացի օրենսդիրները:
Կոնգրեսականները նամակում նշում են, որ «Հայաստանը բախվում է բազմաթիվ աշխարհագրական և քաղաքական մարտահրավերների՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, շրջափակված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այս խոչընդոտները վաղուց խանգարում են նրա տնտեսական ներուժին։ Միացյալ Նահանգները փայլուն հնարավորություն ունի ձևավորելու տարածաշրջանի ապագան՝ առաջ մղելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և տնտեսական ճկունությունը՝ համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին հանուն կայուն խաղաղության»։
Ըստ կոնգրեսականների՝ նման ներդրումները թույլ կտան Հայաստանին իրականացնել իր նպատակը՝ դիվերսիֆիկացնել էներգարտադրությունը և վերացնել ռուսական էներգետիկ և առևտրային կախվածությունը:
«Մասնավորապես, մենք խնդրում ենք պետքարտուղարությանն արագացնել քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի կամ 123 համաձայնագրի շուրջ արդեն իսկ ընթացող բանակցությունները, որը Հայաստանին հզոր հարթակ կապահովի մեր երկրի հետ էներգետիկ ընդլայնված համագործակցության համար։»
Կոնգրեսականների կարծիքով՝ նման համաձայնագրի հարցում շուտափույտ առաջընթացը կնշանակի տարածաշրջանում ամերիկյան առևտրի և բիզնեսի զգալի հեռանկարներ՝ միաժամանակ ապահովելով Հայաստանին անկախ, անվտանգ էներգիայով ապագայում:
«Մենք նաև խնդրում ենք պետքարտուղարությանը հիմք ընդունել Հայաստանի հետ մեր ներկայիս պաշտպանական հարաբերությունները, որը ներառում է երկկողմ խաղաղապահ Eagle Partner զորավարժություններ և աջակցություն Պետության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի ու ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության գերատեսչության կողմից՝ զարգացնելու համար Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունները։»
Կոնգրեսակաները խնդրում են պետքարտուղարին ամբողջությամբ դիտարկել Հայաստանի կառավարության խնդրանքը՝ բացառապես պաշտպանական սարքավորումներ և համապատասխան թրեյնինգներ տրամադրելու վերաբերյալ, որը ներառում է նաև հակաօդային և հակադրոնային համակարգեր: Այս սարքավորումները պետք է օգնեն Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ասված է նամակում: Կոնգրեսականներն ընդգծում են, որ Հայաստանի կարողությունների մեծացումը սահմանները պահպանելու հարցում չափազանց կարևոր է այն ժամանակ, երբ այն բախվում է իր ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերի շարունակական սպառնալիքներին և նախագահ Իլհամ Ալիևի բռնի հռետորաբանությանը:
Կոնգրեսականները նամակում կոչ են անում Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար՝ կոչ անելով Բաքվի դեմ կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածը, Գլոբալ Մագնիցկի ակտով սահմանված պատժամիջոցները և մերժել EXIM բանկի ֆինանսավորումը Ադրբեջանին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությունը պահանջում է խիստ հաշվետվողականություն և պետք է հիմնված լինի իրենց բնիկ տարածք՝ Լեռնային Ղարաբաղ, հայերի պաշտպանված վերադարձի իրավունքի վրա, նշված է նամակում:
«Այդ նպատակով մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը համակողմանիորեն ներգրավված մնալ խաղաղության գործընթացում և օգնել ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքները, վերջ դնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնի շրջափակմանը և նպաստել տարածաշրջանում ավելի լավ առևտրային և տրանսպորտային կապերի զարգացմանը: Վերջնական համաձայնագիրը պետք է նաև ապահովի բոլոր ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն կալանավորված են Ադրբեջանում, և պաշտպանի հայկական հնագույն մշակութային վայրերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանի այլ վայրերում, որոնք անմիջական սպառնալիքի տակ են:»
Կոնգրեսականները պետքարտուղարի ուշադրությունն են հրավիրել այն մարտահրավերներին, որոնց առերեսվում է հայ համայնքը Սիրիայում և ավելի լայն տարածաշրջանում։ Հայերն ու ուղղափառ քրիստոնյաները, հազարամյակներ բնակվելով տարածաշրջանում, ունեն մեծ ու հարուստ ժառանգություն, որն ավելի ու ավելի է ենթարկվում մարտահրավերների մի քանի ճակատներում, ընդգծել են կոնգրեսականները:
Նրանք շնորհակալություն են հայտնել Մարկո Ռուբիոյին այս հարցերի նկատմամբ ուշադրության համար։
«Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու Ձեր երկար տարիների փորձը և այն ուշադրությունը, որը Դուք ցուցաբերել եք Ձեր ողջ կարիերայի ընթացքում Հայաստանի Հանրապետության շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ամրապնդմանը: Կովկասում կայուն, արդար խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական երկարաժամկետ շահերի համար: Եվ կա մեկ սերնդի հնարավորություն՝ խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջանին, որը չափազանց մեծ անկայունություն և արյունահեղություն է տեսել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»,- գրել են կոնգրեսականները:
«Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքականություն մշակելու հարցում, որը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին։ Մեր հույսն այն է, որ հնարավորինս շուտ կքննարկենք այս հարցերը ձեր և ձեր թիմի հետ»,- շեշտել են կոնգրեսականները: