ԱՄՆ դեսպաններն իրենց ուժերը կենտրոնացնում են ոստիկանների վերապատրաստումների վրա, և սա համարում են ժողովրդավարություն։ Բայց մենք տեսնում ենք՝ նմանատիպ ժողովրդավարությունը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց իրավաբան, իրավապաշտպան Սարիգ Արմենյանը։
«ԱՄՆ-ի դեսպանատունը և պետքարտուղարը փորձում են Հայաստանի ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսամետ ուժեր։ Բայց այդպես չէ, նրանք հակաամերիկյան չեն։ Այս ընդդիմությունը ներկայացնում է հայրենիքը փրկող արժեքներ, և մեզ՝ աշխարհասփյուռ հայությանս մնում է վստահ լինել, որ Սրբազանի շարժումը հայաստանամետ և ժողովրդավար է։ ԱՄՆ դեսպաններն իրենց ուժերը կենտրոնացնում են ոստիկանների վերապատրաստումների վրա, և սա համարում են ժողովրդավարություն։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նմանատիպ ժողովրդավարությունը ոչ մի լավ տեղ չի տանում մեզ։ Այն ոչ մի միջազգային օրենքների չի հետևում, մինչդեռ միջազգային օրենքն ասում է՝ ցուցարարները պետք է պաշտպանվեն, քանի որ հենց նրանք են իրական ժողովրդավարություն ստեղծում»,- ասաց Արմենյանը։
Նա ընդգծեց՝ այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում, ամերիկյան արժեքներ են, բայց բռնությունը ոչ մի կապ չունի ժողովրադավարության հետ։
«Անընդհատ ոստիկանական համակարգի վրա գումարներ ծախսելու փոխարեն, ԱՄՆ-ը կարող էր այդ գումարները կենտրոնացնել բռնի տեղահանված արցախցիներին օգնություն տրամադրելուն։ Բայց նրանք այդ գումարներն օգտագործում են, որ մեկ այս ամերիկացի գործիչը գա Հայաստան, մեկ մյուսը, կամ այնպիսի ոստիկաններ են պատրաստում, որ առանց վարանելու մարդկանց վրա նռնակներ են նետում։ Այս ոստիկանները գումար են աշխատում այդ կերպ, բայց այնպես չէ, որ նրանք նոր են, ոչ․ այս ամենն ամերիկյան արժեքներ են, որոնք հասել են արդեն Հայաստան։ Սա ի՞նչ տեսակ ժողովրդավարություն է»,- եզրափակեց Արմենյանը։