Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։
«Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- նշեց Հակոբ Վարդանյանը։
Նախարարի տեղակալը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ «123 պայմանագրին» միանալու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։
«Հայկական կողմի դիմումն ուսումնասիրվում է ԱՄՆ-ի ներպետական ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասին բազմիցս հայտնել են ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ նշելով, որ դա բավականին ժամանակատար գործընթաց է»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը։