Ես բազմիցս ասել եմ՝ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին տեսել եմ իմ՝ Արցախից դուրս գալու օրը։ Հետո իմացա, որ գերեվարվել են։ Այստեղ որևէ գաղտնիք չկա, որի մասին չի խոսվել,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևում գերիների ազատարձակման վերաբերյալ հիշատակմանը, արցախցի նախկին պաշտոնյան ասաց՝ գնահատական չի կարող տալ, բայց ինքն էլ համայն աշխարհին կոչ է անում քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելածները կանգ չեն առել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ, որի տեղադրման նախաձեռնողն ինքն է, իսկ հովանավորը Վանեցյան ընտանիքը, Կարեն Սարգսյանն ասաց.
«Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխան տալիս։ Այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է։ 90-ական թվականներից բազմաթիվ հայորդիներ իրեն կյանք են տվել հանուն Արցախի, հանուն Հայաստանի»։





