ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդիների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քրեական գործը բաղկացած է 15 հատորից ավելի, եւ, որ որեւէ մեկը չի կարող ասել՝ այս վարույթը երբ կավարտվի։
«Այսինքն՝ մոտավորապես երկու տարի այս միջնորդությունը, որը վերաբերում է անձի սեփականության իրավունքին, պետք է չքննարկվի՞։ Պատկերացնենք, որ երկու տարի անց քննարկվում է եւ դատարանը որոշում է, որ ի սկզբանե այդ անձանց գույքերի վրա արգելանք դնելը եղել է ոչ իրավաչափ. պետությունը պատրա՞ստ է այդ վնասները կրել»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Մեղադրող կողմն էլ առարկեց, նշելով, որ ներկայումս առկա է բողոք, որը դեռեւս քննության փուլում է, իսկ պաշտպանության կողմն էլ արձանագրել է, որ դեռեւս մինչդատական վարույթում բողոքարկվել է գույքի վրա արգելանք դնելու որոշումը եւ այժմ ստացվեց այնպես, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, ոչ թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ դատախազի՝ մինչդատական վարույթի ընթացքում դատարանը չի կարող այս դատարանին պարտավորեցնել վերացնել իրավունքների խախտումը։
Նախագահող դատավորը որոշեց միջնորդությունը հետաձգել՝ մինչեւ էական հանգամանքների պարզումը՝ առնվազն մինչեւ ապացույցների հետազոտման փուլի ավարտը, իսկ եթե բավարար հիմքերն այդ փուլում չլինի, դրան կանդրադառնա ճառերում։
Միջնորդության հետաձգումից հետո Աղվան Հովսեփյանն անդրադառնալով դատախազի՝ նախորդ նիստում արված այն հայտարարությանը, որով նա նշել էր, թե Հովսեփյանն ընդունել է, որ հանցանք է կատարվել, հիշեցրեց իր նախորդ խոսքը՝ նշելով, որ ինքն ասել էր դեպքերը տեղի են ունեցել 10-15 տարի առաջ.
«Հարգելիս, նախ մի փորձիր Հովսեփյանին բռնել խոսքի վրա, դժվար կստացվի։ Կարողացեք տարբերել՝ ինչ բան է հանցանքը։ Եվ սա ներկայացնել որպես ապացույց։ Իմ աչքի առաջ, դատարանի աչքի առաջ փորձում եք նորից փուչիկ փչե՞լ։ Երբեք չփորձեք մյուս անգամ նման բան անել։ Եւ խորհուրդ կտայի՝ որպես մեղադրողի, որ եթե մի բան չգիտեք՝ ավելի լավ է լռեք, դա ձեզ ավելի խորհրդավոր կդարձնի»։
Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել: