ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում այն, որ Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի «խնդրանքը» և վայր չի դրել մանդատը: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան նաև հրապարակայնորեն խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Ես չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնեմ այդ քննարկման մեջ»,- ասաց նա:
Հարցին՝ Աղազարյանի հետ հանդիպմանը ինքը չի՞ սպառնացել, ԱԺ նախագահը պատասխանեց՝ եթե ինքը որևիցե մեկին սպառնում է՝ դա անում եմ տեսախցիկների առաջ։
«Մեր միջև անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ որ մեկը քեզ սպառնում է, դու գիտես՝ դրան ոնց ես պատասխանում, բայց երբ դո անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում իրավիճակը խոսակցության մասնակիցների մեջ շատ ավելի բարդ է և շատ ավելի ուրիշ տրամաբանության մեջ է: Խոսքը էմոցիոնալ խոսքի մասին է, մենք բավականին երկար զրուցեցինք: Ես չեմ քննարկել որևիցե պատճառ, ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման պահանջ, կա նման խնդրանք և այդ խնդրանքը ես կարծում եմ, որ պետք է բավարարվի:
Որ ճնշած լինեինք, հրաժարական կտար: Ճնշում կարելի է համարել յուրաքանչյուր իմ այստեղով անցնելը և յուրաքանչյուր մարդու հետ խոսելը: Մենք տարիներ շարունակ իրար հետ պայքարել ենք, ֆորմատներում կուսակցական աշխատանք ենք վարել:
Ինչ վերաբերում է ճնշմանը կամ կարծիքին, կլինի վարչության նիստ, ես իմ դիրքորոշումը որպես վարչության անդամ կհայտարարեմ, կասեմ: Եվ կասեմ նույնը, ինչը ես իրեն ասել եմ, երբ որ ինքը իմ սենյակում է եղել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ քննարկվո՞ւմ է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց՝ ինքը կարծում է, որ եթե Աղազարյանը իրեն դնում է թիմից դուրս, կարծում է՝ ինքը թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու։
«Դա մեր թիմն է, եթե դու դնում ես քեզ թիմից դուրս, դա ամենավատ բանն է: Պարոն Աղազարյանը ինքն է դա արդեն արել: Ես չգիտեմ վարչությունը այսօր ինչ որոշում կկայացնի, բայց եթե նման բան տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձագանք է, ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաև շեշտեց՝ բոլոր քաղաքական գործիչների մոտ և ընդհանրապես կյանքում ինչ-որ իրավիճակ է լինում, որ դու պետք է հետ քայլ անես, հասկանաս, որ հիմա պահն է լռելու, սպասելու կամ ինչ-որ ժամանակ վերադիրքավորվելու:
«Եթե դու դա չես անում, դա նշանակում է, որ դու հարված պահել չգիտես, իսկ քաղաքական գործիչը, որը որ հարված պահել չգիտի, իբր նման դեպքերը մեր քաղաքական դաշտում գրեթե մեծամասնություն են, հայտնվում են լուսանցքում»,- ամփոփեց Սիմոնյանը: