«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին, Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հանդիպման արդյունքներով ընդունվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի երկու հարցի վերաբերյալ որոշում է կայացվել է. երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է՝ սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Երեկ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանն այդ պայմանավորվածությունն այսպես բացատրեց. «Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները եւ հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»: Բրյուսելում ձեռք բերված հաջորդ որոշումը վերաբերվում է սահմանազատման-սահմանագծման գործընթացին. մինչեւ ապրիլի վերջ, Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով է ստեղծվելու: «Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե յուրե սահման գոյություն ունի, եւ դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել եւ փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ»,- կառավարության նիստում բացատրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնել էր, ԵՄ-ն նույնպես ստանձնում է այդ հանձնառությունը: Արցախի հարցի վերաբերյալ, Բրյուսելում կայացած քննարկումների մասին էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի»: Նաեւ հավելեց, որ թեմայի հետագա քննարկումը ինքը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետեւ խոսքը, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է. «…հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք եւ կանենք»:
Բրյուսելում, փաստորեն, շրջանցել են Արցախի կարգավիճակի հարցը, չեն խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի մասին, իսկ հայ ռազմագերիների հարցը հավասարեցված է անհետ կորածների հարցին, ենթադրաբար՝ առաջին արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կրած կորուստներին:
«Առավոտի» հետ զրույցում, ամփոփելով բրյուսելյան հանդիպում-հայտարարությունը, Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ցավալի համարեց այն, որ բոլոր մտավախությունները, որոնք մշտապես արտահայտվել են, իրողություն են դառնում: Նա հստակեցնում է՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր փաստաթուղթ է ստորագրել, այլ 2018 թվականի, սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթի փուլերի կատարումն է ապահովել: «ԱՀ կարգավիճակի մասին ոչ մի խոսք: Բնականաբար, խոսքը չէր բացելու Ադրբեջանի նախագահը: Ինքը հայտարարում է, որ Արցախ չկա, հետեւաբար, կարգավիճակի մասին քննարկում չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հաստատեց՝ ինքը համակարծիք է Ալիեւի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության համաձայն, արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ, Բրյուսելում, փաստորեն, գերիների եւ անհայտ կորածների հարցը հավասարեցվեց. «Մի կարեւոր նրբություն կար. Ալիեւը, փաստորեն, փակեց մեր գերիների վերադարձի հարցը՝ նշելով, որ 1990-ականներից սկսած, իրենք ունեն 3 հազար գերի եւ անհայտ կորած: Այսինքն, եթե հայկական կողմը կվերադարձնի 3 հազար գերիներին եւ անհայտ կորածներին, ապա իրենք էլ պատրաստ կլինեն վերադարձնելու մեր գերիներին եւ անհայտ կորածներին: Գերիներին եւ անհայտ կորածներին հավասարեցնելը, հենց այդ նպատակն ուներ: Բնականաբար, մենք չենք կարող ունենալ 3 հազար գերի կամ անհայտ կորած ու այդպիսով, Ալիեւը, փաստորեն, փաստեց, որ չի պատրաստվում վերադարձնել մեր գերիներին»:
Երրորդ կարեւոր փաստի կամ դրա բացակայության՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի մասին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ Իլհամ Ալիեւը արդեն տեւական ժամանակ է հայտարարում է, որ խումբը գոյություն չունի, բրյուսելյան լռությամբ, Նիկոլ Փաշինյանն էլ, փաստորեն, իր համաձայնությունն է արտահայտում Իլհամ Ալիեւի հետ. «Մինչդեռ դա եզակի ձեւաչափ է, որտեղ Արցախի հարցը կարող է լուծում ստանալ»: Ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, հերթական անգամ, լեգիտիմացրեց Ադրբեջանի բոլոր ցանկությունները, քանի որ փոխարեն առաջ տանելու այն հարցերը, որոնք կարեւորագույնը պետք է լինեին հայկական կողմի համար, ինքը հավատարիմ մնաց Բրյուսել մեկնելուց մի քանի օր առաջ, կառավարության նիստում արած իր այն հայտարարությանը, որ անկախ ամեն ինչից, իրենք ետ չեն կանգնելու իրենց հայտարարած խաղաղության օրակարգից:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ Արցախը հիբրիդային պատերազմի մեջ է՝ տարբեր դրսեւորումներով, Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել իր ագրեսիան, չի պատրաստվում դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից, Քարագլխի լեռնաշղթայից եւ այս իրավիճակում հապշտապ գնալ սահմանազատման-սահմանագծման, բխում է միմիայն Ադրբեջանի շահերից. «Դժվար չէ եզրակացնել, որ Հայաստանն ու Արցախն այս դեպքում էլ ունենալու են բազմաթիվ կորուստներ: Այս պահին չեմ կարող գնահատել, որովհետեւ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ի՞նչ չափի են լինելու կորուստները»:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը դրական են արձագանքել նաեւ Կրեմլում։ «Հասկանալի է, որ գործընթացը բավականին երկարատեւ է, սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ ընթացքը շատ դրական գործոն է եւ ողջունվում է»,- երեկ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով այս իրողությանն էլ, մեր զրուցակիցը նկատում է, որ ՌԴ-ի համար կարեւոր է Հարավկովկասյան տարածաշրջանում հանդարտությունը ու բնական է, որ ՌԴ-ն իր շահերի համատեքստում՝ պետք է նման վերաբերմունք դրսեւորի: Սակայն, նա նաեւ համոզված է, որ ՌԴ-ում լավ գիտեն իրենց անելիքը ու հաշվարկում են իրենց բոլոր քայլերը, այնպես, որ այս գործընթացքում ՌԴ-ն հաստատ «տուժող կողմ» չի լինի. «ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայված է, կատարում է իր գործառույթները՝ հավուր պատշաճի: Ռուս խաղաղապահների շնորհիվ, այսօր Արցախում հայերը կարողանում են ապրել: Եթե չլիներ ռուս խաղաղապահ զորախումբը, 1,5 տարվա ընթացքում Արցախում որեւէ հայ չէր ապրի: Այդ օրակարգում, իրենք իրենց գործառույթները կարողանալու են շարունակել Արցախում»: Գործընթացում, ցավալիորեն, միակ տուժողը, ըստ Մետաքսե Հակոբյանի, լինելու են Արցախը եւ Հայաստանը:
«Երեկ նկատվեց նաեւ Արեւմուտքի ջերմությունը. մենք լավ գիտենք, թե Արեւմուտքը երբ է ջերմանում. երբ հստակ են իր շահերը, իսկ այդ շահերը չեն կարող քո շահերի հետ համընկնել: Արեւմուտքը երբեք առճակատման չի գնում, ինքն իր բոլոր խնդիրները լուծում է երրորդ պետության միջոցով՝ հենց այդ երկրի տարածքում: Հիմա Արցախը, Հայաստանն՝ իրենց տարածքով նաեւ լավագույն տարբերակն են այստեղ գործողությունների զարգացման եւ ՌԴ-ին թուլացնելու համար: Աստված մի արասցե, որ Արեւմուտքի ջերմության արդյունքում, մի օր, ստացվի այնպես, որ ռուս խաղաղապահներն Արցախում չլինեն: Սա մտահոգություն է, հուսամ, որ ՌԴ-ն հաստատակամ կլինի իր որոշումների մեջ եւ բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարությունները, որ ռուս խաղաղապահները անժամկետ են Արցախում կամ դեռ երկար են լինելու, իրողություն է, որովհետեւ քանի դեռ Արցախի կարգավիճակի լուծումը դեռ չի տրվել՝ ռուս խաղաղապահ զորախումբը Արցախում պետք է լինի: Այլ տարբերակ մենք չենք տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Հանրային քննարկումներում, վերջերս թեզ շրջանառվեց՝ Արցախը ՌԴ կազմ մտնելու մասին, ինչի ականատեսն ենք լինում այս օրերին՝ այլ չճանաչված պետությունների մասով: Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի քաղաքական օրակարգում կա՞ նման հարց: «Նման հարց չկա: Ես չեմ ուզում, որ դա որպես պաթոս հնչի, բայց մենք որեւէ կերպ չենք շեղվել 1988-ի մեր օրակարգից՝ ունենալ ճանաչված, անկախ երկրորդ հայկական պետությունը եւ հանրաքվեի միջոցով միանալ Հայաստանին: Հիմա էլ շրջանառվում է, որ Արցախում ստորագրահավաք է սկսվել: Մենք նման բան չենք նկատել, չեմ էլ ուզում մեկնաբանել, թե ո՞ւմ շահերից է բխում հիմա նման հայտարարություններ անելը եւ ինչի՞ են ուզում տանել՝ նման հայտարարություններ անելով: Այստեղ բոլորը գիտակցում են, որ Հայաստանում ունենք բացարձակ ադրբեջանամետ իշխանություն, իսկ Արցախում՝ այդ իշխանության կամակատար իշխանություն, հետեւաբար, Աստված մի արասցե, կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ ստիպված լինենք ընտրություն կատարել Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ: Այդ դեպքում, բնականաբար, ընտրությունը կլինի հօգուտ ՌԴ-ի: Բայց մեր օրակարգում նման բան չկա: Մենք գիտենք բոլոր այն ուղիները, որոնք կարող են տանել Արցախի անկախության ճանաչմանը: Այդ մասին մենք միշտ ենք խոսում: Մի փոքր ականջալուր լինելու դեպքում, մենք ստիպված չենք լինի ընտրել ճանապարհ, որը մեր օրակարգից դուրս է»:
Բրյուսելյան հանդիպումից մեկ օր առաջ Հայաստանում ընդդիմության հանրահավաքն էր, ապրիլի 7-ին, երբ Բրյուսելում ունեինք ամրագրված փաստ՝ եռակողմ հայտարարության տեսքով եւ գործնական փուլ մտնող գործընթացով. ոչ Արցախում, ոչ Հայաստանում հանրահավաքներ եւ ընդվզումներ չկան՝ «Առավոտի» այս դիտարկման առիթով էլ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախում իշխանությունը, գոնե հրապարակային, չի հակառակվի ՀՀ իշխանությանը, իսկ ընդդիմությունը՝ 2018-ից դեռ ընտրել է հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու տարբերակները: Մանավանդ այժմ, երբ Արցախը փխրուն խաղաղության պայմաններում է, փողոցով հարցերը լուծելու տարբերակը, նրա համոզմամբ, կարող է վտանգավոր լինել: Մետաքսե Հակոբյանը նաեւ հավելում է, որ Արցախում քաղաքական լուծումների ճանապարհով մեկնարկը տրված է, այժմ նոր Սահմանադրությունն է մշակվում, որին կհետեւի հանրաքվեն, ապա արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ կլինեն: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչո՞ւ ՀՀ ընդդիմությունը փողոցում չէր ապրիլի 7-ին, մեր զրուցակիցը չի կարող մեկնաբանել, բայց կարծում է, որ ՀՀ մեծ քաղաքներում պետք է ոտքի կանգնեին՝ հասկանալով սահմանազատման-սահմանագծման վերահաս վտանգը: Հուսով է, ընդդիմության սկսած գործընթացը կշարունակվի»:
«Առավոտ»