Հասկանալի է, որ Ձմեռ պապիկի հրաշքը որևէ բան չի փոխելու մեր իրականության մեջ, և կանխատեսելի էր, որ COP 29-ի ավարտից հետո Ադրբեջանն ավելի կարծր դիրքորոշում է ունենալու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
«Ցավոք, մեր կանախատեսումներին ՀՀ իշխանությունները հեգնաքով էին պատասխանում։ Այն, ինչ ասում է Ալիևը, նորություն չէ, ուղղակի մեր քաղաքական համակարգը ոչ ադեկվատ է, և մենք երբեմն անտեսում ենք Ադրբեջանի պաշտոնյաների մեսիջները։
2024 թվականի սեպտեմբերի 7-ին այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն արտաքին քաղաքական հարցերում շատ հաճախ ավելի ազդեցիկ է, քան Բայրամովը, հարցազրույց էր տվել միջազգային լրատվամիջոցներին, որտեղ ասել էր, որ Հայաստանի հետ պետք է վարվել ֆաշիստական Գերմանիայի նման, մասնավորապես, որ մեր ԶՈՒ-երը պետք է լինեն արտաքին կառավարման ներքո։ Այդ նույն թեզն Ալիևը մի քանի օր առաջ գեներացրեց՝ մեզ համարելով ֆաշիստական երկիր և կրկնեց բոլոր նախկին պահանջները՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք և այլն»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ սա ակնհայտորեն պատերազմի անոնս էր և ազդարարում, որ Ադրբեջանին խաղաղության որևէ պայմանագիր պետք չէ։
«Ակնհայտորեն ստեղծված աշխարհաքաղաքական համատեքստը բարենպաստ է Ադրբեջանի համար. ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխություն է, Ռուսաստանը խիստ զբաղված է Ուկրաինայով, ՀՀ իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել են հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչն ուժեղացնելու ուղղությամբ և դեմոտիվացրել են Մոսկվայի մեր գործընկերներին, Իրանը սիրիական վերջին իրադարձություններից հետո բավականին վատ վիճակում է և դժվար է ակնկալել, որ միայնակ կարող է դիմակայել իր հյուսիսային սահմանին հնարավոր որոշակի խնդիրներին։ Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ սիրիական կանպանիայից հետո թուրքական գործոնը խիստ ուժեղացել է, չմոռանանք նաև, որ Թրամփը մի քանի օր առաջ քաջալերանքի խոսքեր էր հնչեցնում Էրդողանի հասցեին. վիճակը, կարծում եմ, շատ հստակ է դառնում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանություններն այս ամենի ֆոնին ավելի ադեկվատ չեն դարձել, և իշխանության ներկայացուցիչներն անտեղի են շրջանառում այն վարկածը, որ Ալիևի վերջին ասուլիսում հնչած մտքերը ներքին լսարանի համար էին։
«Թող հեքիաթներ չմոգոնեն. Ալիևը ներսում առանձնապես պրոբլեմներ չունի։ Երկրորդ ոչ ադեկվատ քայլը. հենց երեկ ՀՀ իշխանությունները հայտարարում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին, այսինքն՝ փոխանակ փորձեն հայ-ռուսկաան հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնել, այսպիսի բան են անում։
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ստրատեգիկաան կողմնորոշում ենք փոխում, որ Արևմուտքը մեզ աջակցի։ Հրաշալի առիթ է՝ դիմիր Թրամփին կամ Մակրոնին, ասա, որ կանգնած ենք արտաքին ներխուժման վտանգի առաջ, ձեր ռազմական միջամտությունն է պետք։ Ստրատեգիական կողմնորոշումը դրա համար ես չէ՞ փոխում։ Տեսնենք՝ ֆրանսիական լեգիոնը կամ ԱՄՆ արագ արձագանքման ուժերից քանիսը կգան թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայից մեզ պաշտպանելու։ Բա դիմեք»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։