Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների ախտորոշման թեստ հանձնեն։
Այս գաղափարը առաջացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն։
«Եթե մենք որոշում ենք այսպիսի թեստավորում, դա պետք է ընդհանուր բնույթ կրի։ Մենք էլ՝ պատգամավորներս, որոշում կայացնողներ ենք։ Ի՞նչու չենք սկսում հենց մեզնից։ Եկեք սկսենք Ազգային ժողովից ու պահանջենք, որ բոլոր պատգամավորները թեստավորում անցնեն»,- ասաց Ղազարյանը։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը շնորհակալություն հայտնեց Ալխաս Ղազարյանին առաջարկության համար և տեղեկացրեց, որ հաջորդ նախագծերի փաթեթը վերաբերվելու է պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց։
Գաղափարին միացավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այո, եթե պետք է սկսենք մեզնից, սկսենք նաև մեզնից։ Շատ հնարավոր է, որ նախագծերի փաթեթը համալրվի մի նախագծով ևս, որը վերաբերվի նաև Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նաև հանրությանն էլ փոխանցենք կարևոր ուղերձ, թե ով է նրա պատգամավորը»,- ասաց Մինասյանը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս կողմ արտահայտվեց գաղափարին և նշեց, որ պետք է ընդլայնվի և հստակեցվի անձանց շրջանակը։
«Բացարձակապես առարկություն չունեմ՝ թմրանյութերի հանդեպ պետք է լինի զրո հանդուրժողականություն։ Պետք է հստակեցնել սուբյեկտների կազմը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները»,- ընդգծեց Վարդանյանը։
Հանձնաժողովը որոշեց աշխատանքային խումբ ստեղծել նախագիծը լրամշակելու համար, ուստի այն հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։