Խորհրդարանում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններով քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հանգուցալուծվել, և այն, ինչ կատարվում էր նախքան ընտրությունները փողոցում, հիմա տեղափոխվել է խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում երեկվանից տիրող լարված իրավիճակին, արդեն մի քանի անգամ կրկնված ու հայհոյանքներով ուղեկցված թեժ ծեծկռտուքներին:
«Անկախ նրանից՝ ինչ արդյունք է գրանցվել ընտրություններով, քաղաքական այն ուժը, որը երկրում ծնել է այս ճգնաժամը, այս կամ այն ձևով պահպանել է իշխանությունը: Ճգնաժամը քվեարկություններով միայն չեն լուծվում, որովհետև ներքաղաքական ճգնաժամի պատճառը պարտությունն է, ստորագրված փաստաթղթերը, բանավոր համաձայնությունները և այլն: Ընդդիմությունը արմատական դիրքավորում ընդունելով՝ խորհրդարան է գնացել իր քաղաքական օրակարգը շարունակելու համար, ի վերջո, ընդդիմադիր երկու խմբակցությանը ձայն է տվել արմատական ընդդիմադիր ընտրազանգված, որը վերջիններին մանդատ է տվել պայքարը շարունակելու, իշխանությանը հեռացնելու համար: Ընդդիմությունը, հետևաբար, այդ տրամաբանությամբ է կառուցում իր մարտավարությունը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը, անկախ ունեցած մանդատների քանակից, իրեն հարմարավետ չզգա խորհրդարանում»,- նշեց Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը չի բացառում նաև, որ իշխանությունը, Ազգային ժողովում ունենալով կառավարման բոլոր լծակները, կարող է ցանկության դեպքում ուշադրությունը շեղելու օպերացիաներ իրականացնել:
«Բայց, կամա թե ակամա, երկրի արտաքին, անվտանգային խնդիրների դիսկուրսը, ամեն դեպքում, կա խորհրդարանում: Ինչ թեմա էլ քննարկվում է, միևնույնն է՝ ամեն բան հանգում է մի հարցի՝ ո՞վ է մեղավոր երկիրն այս վիճակին հասցնելու, պարտության, փաստաթղթերի ստորագրման, հողերի հանձման մասին: Չի կարող հանդարտ իրավիճակ լինել խորհրդարանում այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ: Եթե իշխանությունը փորձի մանիպուլյացիա անել առ այն, թե խորհրդարանում ընդդիմությունը կառուցողական չէ, դա ևս սովորական մանիպուլյացիա կլինի, որովհետև այսօր արդեն Հայաստանում կա ձևավորված կառավարություն, ոչ թե ժամանակավոր, որը ամենօրյա կառավարումն իրականացնումն է, իսկ արդյունավետ կառավարման համար, այդ թվում՝ արտաքին ոլորտում, պարտադիր չէ կառավարության ծրագրի շուտափույթ ընդունումը, գործադիրին, օրինակ, Արցախի հարցում, ՀՀ սահմանների պաշտպանության ոլորտում քայլեր ձեռնարկելու համար խորհրդարանի այս կռիվները չեն խանգարում, ըստ էության: Անկախ նրանից՝ իշխանությունն է ուզում օրակարգից շեղել, թե ոչ, միևնույնն է՝ ընդդիմությունը հաշվարկում է իշխանության հավանական գործողությունները: Կռիվներ հրահրելը, սադրանքների դիմելը խորամանկ, քողարկված տեխնոլոգիաներ չեն, որ բարդ լինի ընկալելը: Ուստի, կարող են նաև այսպիսի քայլերի դիմել, բայց վերջին մեկ ամսում ինչ որակարգ էլ բերում է իշխանությունը, ընդդիմությունն իր օրակարգով է մտնում ԱԺ՝ բանավեճ է ստեղծում, այն դիսկուրսը, որ նախքան ընտրությունները փողոցում էր, հիմա ընդդիմությունը բերել է խորհրդարան»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Հակոբյանի դիտարկմամբ՝ ներքաղաքական զարգացումների այս փուլը շատ բնական է, և այժմ դիսկուրսը ծավալվելու է այն հարցի շուրջ, թե ով է մեղավորը:
«Իշխանությունն ասում է՝ ինչ եղել, եղել է, եկեք առաջ անցնենք, մանավանդ, որ ժողովուրդը մեզ լեգիտիմացրել է՝ այսքան ձայն տալով, որպեսզի ցանկացած գնով հարատև խաղաղություն հաստատենք, ընդդիմությունն էլ ասում է՝ ժողովուրդը մեզ իշխանությանը հեռացնելու մանդատ է տվել: Բայց սա արտակարգ իրավիճակ է՝ պետության տապալում է արձանագրվել, ինչը նաև ժողովրդագրական լուրջ խնդիրների է հանգեցնում՝ ի վերջո, մարդկանց մի զգալի մաս ընդդիմությանն է ձայն տվել: Խորհրդարանից հիմա ավելին սպասել պետք էլ չէ, չեն նստելու հիմա ինչ-որ օրենքներ քննարկեն, քաղաքական ուժերն այժմ դիրքավորվում են, օրակարգերի բախում է տեղի ունենում: Այսօր զգացվում էր, որ իշխանությունն ամեն ինչ անում է սադրանքներ հրահրելու համար. ի վերջո, շիշ նետելը, այնուամենայնիվ, արձագանք էր հնչած անհարգալից վերաբերմունքին ու խոսքին: Քաղաքականության մեջ էլ տղայական մոտեցումներ կան, և երբեմն պետք է կարողանաս այդ դաշտում քո խոսքն ու սկզբունքներն առաջ տանել»,- նկատեց քաղտեխնոլոգը:




