Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացնող տեղահանված արցախահայերից մեկը, լրագրողների հետ զրույցում մեջբերելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մասին հայտարարությունը, նշեց, որ մոտ երկու տարի է, ինչ իրենք նույն այդ ուժերի մասին են խոսում։
Տղամարդն այն համոզմանն է, որ հայաստանյան իշխանությունները, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մասին խոսելով, ցանկանում են խաբել մարդկանց, որ իրենց էլ կարողնան Արցախում այժմ մնացած 120 հազար քաղաքացու նման պատանդ պահել։
Ցուցարարներից մի կին նշեց, որ եթե հենց այսօր ճանաչեն անկախությունն ու Արցախին կարգավիճակ տան, ապա անմիջապես Արցախ կճանապարհվի։
«Հրաժարվե՞լ ա Արցախից (Նիկոլ Փաշինյանին նկատի ունի- Ս․Վ․) մեզ էլ ասում ա՝ գանցեք Ադրբեջանի կազմում ապրեք, մենք էլ ասում ենք՝ չենք ապրի»,- վրդովվեց կինը։
Մեկ այլ ցուցարար էլ հայտնեց, որ, այո, մեծ ցանկություն ունի հայկական Հադրութ գնալ, բայցև ընդգծեց․ «Միայն այն դեպքում, երբ Հադրութը մերը լինի, թե չէ գնամ Ալիևի՞ հետ ապրեմ։ Իմ ամուսինը 1993-ին զոհվել է թուրքի ձեռքով, ես ո՞նց գնամ թուրքի հետ ապրեմ»։
Ս․Վ․