Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը շարունակում է փորձել սեփական իբր քաղաքակրթական դիմագիծը փրկել «բազմամշակութայնության» փաթեթավորմամբ արտերկրում միջազգային հանրությանը հրամցվող կեղծիքների միջոցով. ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ։
«Ասվածի վառ ապացույցն է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրության բացմանը ներկա են գտնվել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, «աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի» նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։
Նման ներկայացվածությունը պարզ ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության աչքի առաջ ձևավորել հանդուրժողականության և իրավունքների, այդ թվում՝ մշակութային-կրոնական, պաշտպանության և ազատության պատրանք, որպեսզի ծածկի այն բոլոր հանցանքները, որ իրականացվել են պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, իսկ այժմ մեծ արագությամբ՝ Լեռնային Ղարաբաղում։
Այնուհանդերձ, Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթները տրամագծորեն հակասում են վերջին հարյուրամյակի պատմական իրողություններին։ Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, խոսելով ադրբեջանական «բազմամշակութայնության» մասին, թե իրենց երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ, հավանաբար «մոռանում է» այն բոլոր տառապանքների մասին, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդները պատմականորեն կրել են վերջին դարերում անասնապահական խորը ավանդույթներով պարփակված զանգվածների ներհոսքից և տեղաշարժերից, իսկ ապա այդ նույն զանգվածների քաղաքական ներկայացուցիչների բարդույթավորված և քստմնելի քաղաքականությունից, որը հանգեցրել է ներկայիս Ադրբեջանի տարածքի էթնոյուրացմանը եկվոր և ոչ համասեռ տարրի կողմից։ Այս մասին պարզ վկայում են վիճակագրական փաստերը։
Դժվար չէ նկատել, որ իրապես «բազմամշակութային» երկրում 1926 թ․ տիրապետող զանգվածի տոկոսային թվաքանակը 62,1 %-ից 2009 թ․ դրությամբ չէր ավելանա շուրջ 30%-ով՝ կազմելով 91․6 %։ Ադրբեջանի դեսպանն արդյո՞ք ունի այն հարցի պատասխանը, թե ինչու է այլէթնիկ խմբերի թվաքանակը շարունակաբար նվազում։ Այս հարցի իրական պատասխանը հօդս է ցնդեցնում ադրեջանական «բազմամշակութայնության» կարկատված կաղապարը։ Ադրբեջանական այլատյացությունը միայն քրիստոնյա բնակչությամբ չի սահմանափակվում։ Գրեթե նույնանման ճնշումների ու ուծացման քաղաքականության են տասնամյակներ շարունակ ենթարկվել այնպիսի խոշոր էթնիկ խմբեր, ինչպիսիք են թալիշները, թաթերը, քրդերը, եզդիները և այլք։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում տառապում են ոչ միայն կրոնական, այլև էթնիկ ռասիզմի անհաղթահարելի ախտով, որն էթնիկ ատելության կերպով վերարտադրվում է ի դեմս քրոնիկ ռամիլսաֆրովականության և քեմալզեյնալլիության։
«Պատմական բազմամշակութայնության» արժեքների կրող երկիրն ու հասարակությունը չէր կարող դիմել մարդկության դեմ այնպիսի հանցանքների, ինչպիսիք են արգելված զենքերի կիրառումը, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների նկատմամբ, բնիկ բնակչության էթնիկ զտումները, 120 հազար հայության 10-ամսյա շրջափակումը և հումանիտար աղետի հարցուցումը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի ձևախեղումների քաղաքականությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աչալուրջ գտնվել նման իրողությունների նկատմամբ և կանգնել ի պաշտպանություն համաշխարհային մարդասիրության և Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, էթնոկրոնական միջավայրի պաշտպանությանը»։