Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ոչ էքսկլավային ադրբեջանական գյուղերին (Բագանիս Այրիմ, Աշաղի Ասքիպարա, Խեյրիմլի և Գըզըլգաջիլի), դրանց պատկանելությունը Ադրբեջանին անվիճելի է» (չակերտները՝ Azg.am-ի), և դրանք ենթակա են անհապաղ ազատման. հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը՝ արձագանքելով Ադրբեջանում և Հայաստանում ստեղծված պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումներին։
Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուխարի Ասկիպարա, Սոֆուլու, Բարխուդարլի և Քարքի) ազատագրման հարցը» (չակերտները՝ Azg.am-ի). նշել է ադրբեջանական կողմը։
Աչք փակելով ադրբեջանական կողմի քարոզչության, պահանջների, մանիպուլյացիաների վրա, նշանակում է խուսափել խնդրից և այն ուղղակի չլուծել՝ կանգնելով նոր մարտահրավերների ու ավելի ծանր խնդիրների առաջ։
Ադրբեջանն ավելի ու ավելի է մեծացնում հավակնությունները՝ աչք գցելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր շրջանների վրա։
Ո՞րն է լինելու ՀՀ կառավարության գլխի անհամարձակ ու զիջողական հաջորդ քայլը…









