2018-ից մեկնարկած գործընթացները աղետալի էին բոլոր ուղղություներում, մասնավորապես՝ Զինված ուժերում իրականացվող քաղաքականության համատեքստում: Այս մասին այսօր «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«2023 ժամանակահատվածն այն փուլն էր, երբ Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախի տարբեր շրջանները, այլ բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ դրա նպատակը ոչ միայն բանակցային գործընթացքում Հայաստանի նկատմամբ ճնշումներն էին.
«Իրավիճակի բավականին մանրազննին դիտարկումը և վերլուծությունը, տեղում դաշտային աշխատանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացքում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով, որովհետեւ բոլոր այն ուղղությունները՝ Սյունիք, Վայոց Ձոր, կամ Գեղարքունիք, որտեղ եղել է ագրեսիա, որտեղ եղել է առաջխաղացում, օկուպացիա, դրանք ունեցել են կոնկրետ նպատակներ՝ այն է, վերահսկողություն ունենալ ՀՀ կարեւորագույն կոմունիկացիաների, ենթակառուցվածքների նկատմամբ, կամ դիտարկման տակ առնել այն կարեւոր հանգույցները, որոնք ապահովում են երկրի կենսունակությունն ու անվտանգությունը»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։
«Բանակը նրանց համար մղվել է երկրորդ պլան: Բնականաբար այն թիրախավորումները, որոնք այս վերջին 6 տարիներին եղել են զինված ուժերի նկատմամբ, չէին կարող ազդեցություն չունենալ, իրենց հոգեբական ազդեցությունը չունենային եւ այսօրվա դերը, որ տրված է զինված ուժերին, չենք կարող ակնկալել բարեփոխումներ»,- ասաց պատգամավորը։