Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` ավագանու անդամ Ժան-Ժաք Սարաջյանի և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի հետ համատեղ:
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Կուրբըվուա քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել և ծաղկեպսակներ խոնարհել Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին, սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր, Ցենտրիստական կուսակցության նախագահ Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆիլիպ Ժյուվենը, Բուա-Կոլոմբի քաղաքապետ Իվ Ռեվիյոնը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները:
Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին հանդիսավոր կերպով հայտարարել է հաջորդ տարի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան զետեղելու իր և Կուրբըվուայի քաղաքային խորհրդի նախաձեռնության մասին։
Ոգեկոչման ելույթներում Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները և տեղական իշխանությունների ղեկավարները, մասնավորապես, համերաշխություն և աջակցություն են հայտնել աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներ առճակատող Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և մասնավորապես, ավելի քան չորս ամիս ի վեր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ ադրբեջանական շրջփակմանը դիմակայող արցախահայությանը։
Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները: