ՌԴ Կրասնոդարի երկրամասը բազմազգ հող է՝ լայն դաշտերով, ուժեղ մարդկանցով և փոխադարձ հարգանքի մշակույթով։ Այստեղ հայ համայնքը ոչ միայն պահպանել է իր ինքնությունը, այլև դարձել է հասարակական կյանքի ակտիվ մասնակից՝ իր ներդրումը բերելով կրթության, մշակույթի, տնտեսության և հայրենասիրական դաստիարակության ոլորտներում։
Սա երկար ճանապարհ է, որը չի կառուցվել ինքնաբուխ։ Այն ստեղծվել է մարդկանց շնորհիվ, ովքեր հասկացել են՝ համայնքը ուժ է միայն այն ժամանակ, երբ նա միավորված է և կազմակերպված։
Այդ մարդկանց շարքում առանձնանում է մեր պատմության հերոսը՝ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի ղեկավար Կամո Հայրապետյանը, ում գործունեությունն ուղղված է ոչ թե միայն մշակութային կամ կրթական առանձին ծրագրերի իրականացմանը, այլ՝ համայնքային ամբողջ համակարգի կազմակերպմանը, մարդկանց միավորմանը և ազգային ինքնության փոխանցմանը սերունդներին։
Կրասնոդարի երկրամասի բազմազգ միջավայրում հայ համայնքը առանձնանում է որպես կայացած, կազմակերպված և ինքնության մեջ հաստատված հանրություն, որը ոչ միայն պահպանում է իր ազգային դիմագիծը, այլև հանդես է գալիս որպես տարածաշրջանի հասարակական և մշակութային կյանքի ակտիվ մասնակից։
— Ես ծնվել եմ ավանդական հայկական ընտանիքում, որտեղ մանկուց սերմանում էին հարգանք աշխատանքի, կրթության և ազգային արմատների նկատմամբ,-պատմում է զրուցակիցս։ -Ծնողներս միշտ ասում էին․ «Օգուտ բեր մարդկանց և քո հողին»։ Այդ խոսքերն էլ ձևավորեցին իմ պատասխանատվության զգացումը՝ թե՛ հասարակության, թե՛ համայնքի հանդեպ։
Կրասնոդարի երկրամասում մեծ ճանաչման արժանացած Կամո Հայրապետյանը երկար տարիներ ղեկավարել է արտադրական ձեռնարկություններ, իսկ 2021-ից գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը, որը միավորում է կենտրոնական վարչությունը և շուրջ 40 տեղական բաժանմունքներ, որոնք ակտիվորեն իրականացնում են բազմաճյուղ հասարակական, սոցիալական և ազգային-մշակութային գործունեություն։
Մեր հայրենակցի գործունեությունն ընդգրկում է տնտեսական, բարեգործական և հասարակական ոլորտներ՝ միտված համայնքային կապերի ամրապնդմանը և հայ մարդու ինքնության պահպանմանը։ 2004 թ․-ից Կամո Հայրապետյանը հանդիսանում է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ, իսկ 2006-ից մինչ օրս նա անընդմեջ ընտրվել է Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ գումարումների կազմում՝ ստանալով քաղաքի բնակչության վստահությունն ու աջակցությունը։
Կամո Հայրապետյանի հասարակական աշխատանքը միտված է Կուբանի բազմազգ բնակչության բարեկամության ամրապնդմանը, ազգամիջյան հակասությունների կանխարգելմանը, երիտասարդ սերնդի հոգևոր և բարոյական դաստիարակությանը, ինչպես նաև հայ համայնքի ազգային և մշակութային ինքնության պահպանմանը։
Այս արժեքները նրա համար միայն գաղափարական կամ պաշտոնական ձևակերպումներ չեն․ դրանք ձևավորվել են ընտանիքում, անձնական փորձառության, պատասխանատվության և սերնդից սերունդ փոխանցվող դաստիարակության մեջ։
– Ես երկու դուստր ունեմ և միշտ փորձել եմ նրանց համար օրինակ լինել՝ ցույց տալով, որ հաջողությունը գալիս է հետևողականությունից և մարդկանց ծառայելու ցանկությունից,-ասում է մեր հայրենակիցը։- Այդպես էլ ձևավորվեց իմ աշխարհայացքը․ ես առաջնորդվում եմ հայրենասիրական արժեքներով, և ինձ համար Ռուսաստանը մի մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն է բերում ընդհանուր գործի մեջ։
Որպես ճանաչված բարերար՝ Կամո Հայրապետյանը պարբերաբար մասնակցում է բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Կրասնոդարի երկրամասի մանկատներին, գիշերօթիկներին, դպրոցներին, մանկապարտեզներին ու ստեղծագործական խմբերին։ Հասարակական գործունեությունը միշտ եղել է նրա գործարար ուղու շարունակությունը՝ հնարավորություն տալով օգնել մարդկանց և ամրապնդել կապերը։
Այդ սկզբունքը ձևավորվել է ոչ թե միանգամից, այլ տարիների ընթացքում։
1984–86 թթ․ նա ծառայել է Խորհրդային բանակում՝ Սարատով քաղաքում։ Ծառայությունից հետո ավարտել է Ստավրոպոլի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի թռչնաֆաբրիկայում՝ անցնելով ոչ դյուրին մի ճանապարհ՝ շարքային աշխատակցից մինչև տնօրենների խորհրդի նախագահ։ Հետագայում դարձել է «Մետրոպոլիս» քաղցրավենիքի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների հիմնադիրներից մեկը։
– Կրասնոդարի հայ համայնքը Ռուսաստանի ամենաակտիվներից մեկն է․ շուրջ 500 հազար հայ է բնակվում երկրամասի տարբեր շրջաններում, բայց բոլորին միավորում են ընդհանուր արժեքները,-ասում է հայրենակիցս։- Մենք լիովին ինտեգրված ենք ռուսական հասարակության մեջ, և շատ հայեր հաջողության են հասել բիզնեսում, գիտության և մշակույթի ոլորտներում։
Կազմակերպում ենք փառատոններ, մրցույթներ, գիտաժողովներ, օլիմպիադաներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է դրսևորել իր կարողությունները և ցույց տալ իր լավագույն կողմերը։
Կրասնոդարի երկրամասում գործում են տասնյակ կիրակնօրյա դպրոցներ և կրթական կենտրոններ, որտեղ կազմակերպվում է հայոց լեզվի ուսուցում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Կուբանի տարածքում գործում են նաև տասնյակ հայկական ժողովրդական պարային և ստեղծագործական համույթներ։ Աճում է հետաքրքրությունը ժողովրդական գործիքների՝ դուդուկի, դհոլի, քանոնի դասընթացների հանդեպ։
Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային և տեղական բաժանմունքները պարբերաբար անցկացնում են հայկական մշակույթի փառատոններ և տարբեր ուղղվածությամբ միջոցառումներ, այդ թվում՝ երիտասարդական (գործում է երիտասարդական կենտրոն), որտեղ երիտասարդները կարող են շփվել հասակակիցների հետ, ձեռք բերել նոր ծանոթություններ, օգտավետ և հետաքրքիր ժամանակ անցկացնել։
Կրասնոդարի պետական պատմա-հնագիտական Ֆելիցինի անվան թանգարանում բացված է մշտական ցուցադրություն, նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին։
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի հայերը անցկացնում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915–1923 թթ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք նույնպես ակտիվորեն մասնակցում ենք այդ նախաձեռնություններին։
Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ազգի նշանավոր ներկայացուցիչների հոբելյաններին և ժողովուրդների ընդհանուր պատմության կարևոր տարեթվերին, մասնավորապես՝ Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին։ Մեր երկրամասային բաժանմունքի պատվիրակությունները այցելում են Կուբանի այն շրջանները, որոնց ազատագրման համար կռվել են հայկական դիվիզիաների զինվորները։
Քանի որ այս տարին Ռուսաստանում հայտարարվել է որպես Հայրենիքի պաշտպանի տարի և համընկնում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին, առանձնակի կարևորություն է ստացել պատմական հիշողության պահպանումը։
Կրասնոդարի հայ համայնքը հետևողականորեն իրականացնում է խորհրդային զինվորների և սպաների հիշատակը հավերժացնող աշխատանք։ Վերջին հինգ տարիներին տեղադրվել կամ վերականգնվել են մի շարք հուշարձաններ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին (Սլավյանսկ, Սոչի), Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին (Եյսկ), մայոր Սենիկ Այվազյանի կիսանդրին (Կորենովսկ), հերոս Երվանդ Գարանյանի կիսանդրին (Սոչի)։
Հայ համայնքը մասնակցել է նաև Եյսկի «Ռուսական փառքի զբոսանք» նախագծին։
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմածովային ավիացիայի 105-ամյակի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմածովային ավիացիայի մարտական զբաղվածության և վերապատրաստման կենտրոնի 40-ամյակի առթիվ, 2021 թվականին Եյսկում՝ կենտրոնի տարածքում բացվեց «Ռուսական փառքի ծառուղի»։ Կրասնոդարի երկրամասի հատուկ նշանակության զորքերի կողմից ֆինանսավորվող այս նախագծի շրջանակներում գրանիտե պատվանդանների վրա տեղադրվեցին ութ օդաչուների՝ ԽՍՀՄ հերոսների և Ռուսաստանի հերոսների կիսանդրիներ, տեղադրվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի նոր կիսանդրին, և սալահատակվեց 350 քառակուսի մետր մակերեսով։
Հատուկ ուշադրություն է դարձվել Բրյուխովեցկի շրջանին, որտեղ երբեմն են զոհվել 89-րդ Թամանյան դիվիզիայի հազարավոր զինվորներ։ Այստեղ բարեկարգվել է եղբայրական գերեզմանոցը, վերականգնվել է Պոդի ավանի հուշահամալիրը, ստեղծվել է «Հիշատակի ծառուղի» և «Զինվորի դաշտ» հուշակոթողը՝ Նովոժերելեևսկայայի մոտ։
Կրասնոդարի տարածաշրջանի վարչակազմի հետ համատեղ վերականգնվել է նաև 417-րդ Սիվաշյան և 89-րդ Թամանյան դիվիզիաների մարտիկների հիշատակի հուշահամալիրը՝ Նովոժերելեևսկայայի թիվ 13 դպրոցի տարածքում։ Այստեղ և մյուս հուշակոթողներում պարբերաբար անցկացվում են հիշատակի միջոցառումներ։
Հայ համայնքը պահպանում է նաև նախախորհրդային հիշատակները։ Անապայում տեղադրվել է նշանավոր զորավար Միքայել Լորիս-Մելիքովի կիսանդրին։
2025 թվականին բացվել են առավել լայնածավալ նոր հուշահամալիրներ․ Կերչում՝ 89-րդ Թամանյան դիվիզիայի և պատերազմական ժողովուրդների միասնության հիշատակին, Արմավիրում՝ «Հավերժ հիշատակ հայրենիքի համար ընկած մարտիկներին», Նովոկուբանսկում՝ Կուբանը ֆաշիզմից ազատագրած հերոսների պատվին։
2025-ի մայիսի 28-ին Կրասնոդարում բացվել է հուշարձան, նվիրված Հայրենական պատերազմի հաղթողների ժառանգներին՝ հատկապես հատուկ ռազմական գործողության կամավորներին։ Ավարտական փուլում են մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Ռոդիոն Մալինովսկու, ինչպես նաև օդաչուներ Նելսոն Ստեփանյանի և Սուրեն Տաշիևի կիսանդրիների տեղադրման աշխատանքները։
Ըստ Կամո Հայրապետյանի համոզմունքի՝ հայ մարդը, որտեղ էլ լինի, չի կտրվում իր արմատներից։ Հայրենիքի ցավը դառնում է իր անձնական ցավը, իսկ կարիքը՝ իր պատասխանատվությունը։ Այս արժեքներն են միավորում Կրասնոդարի հայությանը և դարձնում նրան ուժ, որը կանգնում է իր ժողովրդի կողքին դժվար պահին։
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային և տեղական բաժանմունքները մշտապես աջակցել են արցախահայությանը՝ թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ շինարարության ընթացքում։
2023-ին, Կամո Հայրապետյանի նախաձեռնությամբ, Կուբանի պատվիրակությունը այցելել է Հայաստան՝ աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Աջակցություն է ստացել ավելի քան 357 ընտանիք, ընդհանուր՝ մոտ 20 միլիոն ռուբլու չափով։ Օգնությունն այս ուղղությամբ շարունակվում է. աջակցվում են նաև այն արցախցիները, ովքեր ապաստան են գտել Կուբանում։
Քանի որ Կրասնոդարի համայնքը նաև Ռուսաստանի անբաժան մասն է, ուստի այսօր երկրի առաջնային մարտահրավերից մեկը նաև Հատուկ ռազմական գործողությունն է, և հայ համայնքը կանգնած է առաջնագծի զինվորների ու վտանգված գոտում գտնվող խաղաղ բնակչության կողքին։
– Մեր միության և համայնքային կառույցների համատեղ ջանքերով գործողությունների գոտի է փոխանցվել մեծ գումարի մարդասիրական աջակցություն,-ներկայացնում է զրուցակիցս։- Մատուցվում է նաև օգնություն բազմազավակ ընտանիքներին, մանկատներին, գիշերօթիկներին, վետերաններին և սոցիալական դժվար իրավիճակներում հայտնված անձանց։
Կամո Հայրապետյանը շարունակում է պատմել, ներկայացնել, թվարկել և ինձ համար ակնհայտ է դառնում, որ այդ ամենը չի արվում ցուցադրաբար։ Սա այստեղ վաղուց ձևավորված սկզբունք է․ մարդուն պետք է օգնել այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ունի։
Հայ ժողովուրդը տարագիր է ժամանակների ու աշխարհների մեջ, բայց որտեղ էլ կյանքը նրան տանի՝ նա հետը տանում է մի բան, որը չի կարող կորցնել․ դա ստեղծելու, կառուցելու և համախմբվելու ուժն է։
Այդ ուժը այսօր Հայաստանի սահմաններից դուրս՝ Ռուսաստանի հսկա տարածության վրա, շարունակում է ապրել ու ձևավորվել՝ հայրենասիրության, աշխատանքի և ինքնության պահպանման հիմքի վրա։
Կրասնոդարի բազմազգ հողի վրա ապրող հայությունը դրա կենդանի ապացույցն է։ Այստեղ համայնքը ամուր է, կազմակերպված և վստահ իր ուժին՝ այնքանով, որքանով որ իր ներսում կա միասին լինելու կամք։
Եվ եթե այս միասնականությունն այսօր տեսանելի և ուժեղ է, ապա դա նաև Կամո Հայրապետյանի հետևողական աշխատանքի արդյունքն է։
Թող նրա գործը շարունակի ծառայել մարդկանց բարօրությանը, իսկ համայնքը պահպանի իր միասնության ուժը։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «ԱԶԳ»-ի հատուկ թղթակից










