Լեհաստանում ֆերմերն իր դաշտից քարերը հավաքելիս Ունետիցյան մշակույթի հազվագյուտ արտեֆակտների է դեմ առել: Լյուբուշի պատմական ժառանգության վարչության գիտնականները նրա գտած արտեֆակտերը բնութագրել են որպես «չափազանց հազվագյուտ», հայտնում է Polish Press Agency-ը:
«Դաշտային աշխատանքների ժամանակ տեղացի ֆերմերը բրոնզե իրեր է հայտնաբերել: Նա անմիջապես կապ է հաստատել համապատասխան մարմինների հետ եւ դադարեցրել է աշխատանքը, որպեսզի չվնասի հնագիտական գտածոներին եւ մշակութային շերտին: Այժմ գտածոներով հողամասը պաշտպանության տակ է առնված»,- հայտնել է Գոժուվ-Վելկոպոլսկիի վոյեվոդության պատմական ժառանգության պահպանման գրասենյակներից մեկը:
Ընդհանուր առմամբ, հնագետները գտել են երեք մուրճ, երեք բրոնզե դաշույն, փոքրիկ կացին, դուր եւ սովորական կացին, որոնք գիտնականները վերագրել են Ունետիցյան մշակույթին՝ մ․թ․ա․ 2300-1600թթ․ ժամանակաշրջանում։
Ունետիցյան մշակույթը միակ նախապատմական մշակույթն է, որը ծագել է Բոհեմիայում եւ մի քանի հարյուրամյակ զգալի ազդեցություն է ունեցել Կենտրոնական Եվրոպայի պատմության վրա: