Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից. հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։
Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ։