«Փորձում են Շուշին քրիստոնեական բոլոր արժեքներից զրկել, որ բացի մզկիթներից՝ որևէ այլ բան չլինի».
Տեր Անդրեաս քահանա Թավադյան

17

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տարածած հաղորդագրության համաձայն, Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։

168.am-ի հետ զրույցում Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանն ասաց, որ լուսանկարները, որոնք տեսել է Կանաչ ժամ եկեղեցուց, այն դեռևս կանգուն վիճակում է եղել, իսկ պատերազմից հետո որևէ լուսանկար չի տեսել։

«Գիտեմ, որ պատերազմից հետո ադրբեջանցիները եկեղեցու գմբեթները պայթեցրել են։ Հետո ցանցով փակել էին, իբր թե վերանորոգում սկսելու համար։ Իրենք քանդելու մասին չեն խոսում, այլ ասում են՝ «վերանորոգում» ենք, հետո դրա անվան տակ ոչնչացնում հայկական հետքը։ Հոգևոր ծառայողներից որևէ մեկին թույլ չեն տալիս, որպեսզի գնանք տեղում տեսնենք, ռուս խաղաղապահներին էլ թույլ չեն տալիս։ Ինչ տեսնում ենք, տեսնում ենք համացանցում՝ լուսանկարների, տեսանյութերի միջոցով»,- նշեց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական հուշարձանները ոչնչացնելով, ցանկանում է մաքրել հայկական հետքը, հետագայում այն իրենց մշակույթին վերագրելու համար։

«Ադրբեջանն ինչպես Նախիջևանում խաչքարերը ոչնչացրեց, այնպես էլ հիմա Շուշիում է փորձեր անում։ Փորձում են Շուշին քրիստոնեական բոլոր արժեքներից զրկել, այնպես անեն, որ այնտեղ բացի մզկիթներից՝ որևէ այլ բան չլինի։ 21-րդ դարում կանգնած եկեղեցին քանդում են, ու որևէ մեկը չի՞ նկատում, հուսանք՝ նման բան չի կարող անել։ Սկզբում նրանք եկեղեցու վրա գրություն էին թողել, դրոշ դրել, բայց ռուսները միջամտել էին, այդ դրոշը հանել էին, գրությունն էլ՝ հետը։ Խոստացել էին, որ այլևս նման բաներ չեն անի, բայց թուրքը մնում է թուրք, նրանցից լավ վերաբերմունք սպասել հայկական հուշարձանների նկատմամբ՝ տեղին չէ։ Մնում է սպասենք, տեսնենք, թե ինչ են անելու, ժամանակը ցույց կտա»,- հավելեց քահանան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենք ամեն հնարավոր միջոցներով փորձում են ներկայացնել, որ եկեղեցին հայկական է, բարձրաձայնում են, որ ադրբեջանական կողմը դրանք քանդում է, ոչնչացնում, սակայն լսողները քիչ են։

«Ինքս սարկավագ ժամանակ ծառայել եմ Կանաչ ժամում, իսկ 2001 թվականին ձեռնադրվեցի որպես քահանա և հոգևոր ծառայության անցա Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ 1992 թվականին, երբ Շուշին ազատագրվեց, մենք անմիջապես մաքրեցինք Կանաչ ժամը և այն վերաբացեցինք։ Որոշ ժամանակ անց փոքր վերանորոգում կրկին արեցինք, 1994-95 թվականներից Կանաչ ժամն արդեն ակտիվ գործում էր։ Սուրբ Ղազանչեցոցը ակտիվ գործեց 1998 թվականին։ Գրեթե 4-5 տարի մարդիկ այցելում էին միայն Կանաչ Ժամ, որովհետև պատարագները միայն այնտեղ էր մատուցվում, ուստի մարդկանց հոսքն այնտեղ շատ էր։ Հետո Ղազանչեցոցը սկսեց գործել, երկու եկեղեցիներն էլ ակտիվ գործում էին։ Կանաչ ժամը վերջին տարիներին բարերարների օգնությամբ կրկին վերանորոգվել էր»,- եզրափակեց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիները համացանցում Կանաչ ժամից տեսանյութեր էին հրապարակում, որտեղ եկեղեցին կիսով չափ ավերված էր՝ Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով։