Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հաճախ եմ լսում՝ Ռուսաստանը մեր շահերից բխող քայլեր չի կատարում։ Իսկ ինչու պետք է մեր շահերի պաշտպանությունն ակնկալենք այլ պետությունից, նույնիսկ եթե մեր ռազմավարական դաշնակիցն է, եթե մենք ինքներս աճուրդի ենք հանել մեր շահը, մեր անվտանգությունը։
Մենք ինքներս հարցականի տակ ենք դրել անգամ մեր ֆիզիկական գոյությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում թշնամին ազատ մանևրում է, գերեվարում, զինվոր սպանում, խաղաղ բնակիչներին ահաբեկում և մենք որպես պետություն լուռ ենք։ Արդեն երեք տարի է մեր պետությունը ցնցումների մեջ է, մենք փաստացի կորցնում ենք, թշնամին շահում, ու շարունակաբար….
Ես, պայքարի և ինքնիշխանության պահպանման մի կոնցեպտ եմ տեսնում, որը մեզ կմղի դեպի կայունություն։ Այդ կոնցեպտը Մեկ ազգ, երկու պետություն գաղափարն է, որից երբեք չեմ հրաժարվելու։ Եվ այդ կոնցեպտի գլխավոր խոչընդոտը այս իշխանությունն է։
Մեկ ազգ, երկու պետություն գաղափարի ճանապարհով է միայն հնարավոր մեր տարածաշրջանում ունենալ վճռորոշ դերակատարում, հակառակ դեպքում շարունակվելու է նորանոր կորուստների ուղին և անբովանդակ բողոքները գերտերություններից։
Հ.Գ. Կարծում եք Ռուսաստանի դարավոր երազանքը մեզ կաթնակեր ձագի պես պահե՞լն է, թե՞ լայնախոհ ու ամուր դիրքով դաշնակից գործընկեր ունենալը։ Մենք ոչ մեկի պետք չենք լինելու, եթե ինքներս մեզ պետք չենք։
Ստեղծված իրավիճակում մի հանգուցալուծում եմ տեսնում. խորհրդարանական ընդդիմությունն իր պայքարը թող ծավալի խորհրդարանում, իսկ մենք էլ փողոցային ընդվզման ալիք բարձրացնենք։
Կրկնում եմ` փողոցով եկածին փողոցով է պետք հեռացնել։ Հանուն պետականության պետք է գործի դնենք պայքարի բոլոր միջոցները՝ միասնաբար»։