Սյունիքում հանդիպումից առաջ ոստիկանների ու հավաքված հանրության միջև քաշքշոց ու ծեծկռտուք է եղել: Փաշինյանը Սյունիք է մեկնել ուղղաթիռով: Նա զոհված զինվորների հիշատակի կենացն է խմել: Հանդիպման ժամանակ սյունեցիներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասել է. «Եթե Դուք հրաժարական տաք, ուրեմն մեզ կդավաճանեք»: Իսկ Փաշինյանը դեռ Սյունիք մեկնելու ճանապարհին «լայվով» ասել է՝ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ նայելու, ձեր հարցերին պատասխանելու:
Սյունեցի մի տղամարդ էլ Փաշինյանին դիմել է հետևյալ հարցով՝ պատերազմի օրերին իրենց զոհված ընկերներին Եռաբլուր տեղափոխելիս արագ են վարել ավտոմեքենաները, և արագաչափերը նկարել են, հիմա մեծ չափերի հասնող տուգանք պետք է մուծեն: Փաշինյանն ասաց՝ եթե չգայի Սյունիք, չէի իմանա այդ խնդրի մասին:
«Համախմբվենք, ապրենք՝ հանուն զոհվածների: Մեր բանակը հերոսական է, մեր ժողովուրդը հերոսական է: Մենք պետք է մեր լավատեսությունը չկորցնենք»,- հանդիպման ավարտին ասել է Փաշինյանը: Սյունեցիներից մեկն էլ արձագանքել է. «Դուխով մնաք, դուխով»: