Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց.
«Այս ընդհանուր շարժման հոգուն և տրամադրությանը համահունչ` 12 քաղաքական ուժ համախմբվեց, և փետրվարի 21-ին Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն հանցագործ լինելու փաստը ներկայացրինք դատախազին։ Վեց ամիս առաջ մենք մասամբ էինք ներկայացրել փաստաթուղթը` հայեցակարգերի ժամկետները խախտելու մասով, իսկ հիմա՝ սահմանադրական բարեփոխումների գործը 4 անգամ տապալելու մասին վերաբերյալ։ Նախագիծը պետք է ներկայացված լիներ 2023 թվականի հունիսին, բայց չի արվել, ավելին` մարդիկ դեռ աշխատում ու աշխատավարձ են ստանում»։
Նա ընդգծեց, որ իրավական ակտում ժամկետ է նշված եղել` հունիսին պետք է հանձնվեր կառավարությանը, այնինչ, 4 տարի շարունակ, հանձնաժողովի 7-15 անդամ մոտ 700 000 դրամ գումար է ստացել։ Հայրիկյանը վստահեցրեց` սա կազմակերպված կոռուպցիա է։
Ըստ քաղաքական գործչի` առաջիկա օրերին դատախազությունից պետք է պատասխանեն իրենց։ Ուղիղ 1 շաբաթից էլ պատրաստվում են գնալ դատախազության շենքի մոտ` պահանջելով ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև տանել դատարան և կալանավորել։
Հայրիկյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե պաշտոնից հեռանա, այլ բանտ նստի։