ՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի և իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական և բարոյական սնանկությունը։
Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում:
Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում:
Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն և հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը և տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։
Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:
Առ այդ,
1.Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ և առ ոչինչ է:
Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում:
2.Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների և շահերի:
Տոկուն և անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդա՛ր պայքարին։
3.Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»: