Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման, Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։
Այն է՝
Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքը:
Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։
Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող։
Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
Հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։
Տեղեկացնում ենք նաև, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելքը կարգավորվելու է բացառապես նշված կարգավորումների համատեքստում»: