Ձյան տեղալուն զուգահեռ՝ Երևանում ժամ առ ժամ անտանելի է դարձել երթևեկն ու տեղաշարժը փողոցներում, հրապարակներում, մայթերին։
Երևանցիները բողոքում են, որ ձնամաքրման աշխատանքը Երևանի քաղաքապետարանը լավ չի կազմակերպում։ Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները նկարահանել ու սոցցանցերում տեղադրել են, թե ինչ աշխատանք է տարվում վարչական շրջաններում։ Քաղաքապետի մամլո խոսնակն էլ արդարացել է. «Ռեսուրսները անսպառ չեն, ունեցած հնարավոր բոլոր տեխնիկան բաշխված է ըստ վարչական շրջանների»։
Իսկ ամանորյա լուսավորության վրա հարյուրավոր միլիոններ ծախսող քաղաքապետանն ինչո՞ւ բավարար տեխնիկա չունի։ Ասում են՝ շքեղ լուսավորությամբ Երևանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ ենք դարձնում։ Իսկ որ այդ նույն զբոսաշրջիկը մայթերին «տրնգի» պարելով է քայլում, սայթաքում, վայր ընկնում, ոչի՞նչ։ Այդ դեպքում Երևանը պետք չէ՞ գրավիչ դարձնել։
Քաղաքացիներն էլ տեղին հարց են տվել՝ եթե ձնամաքրման սարքավորումները քիչ են, ի՞նչ իմաստ ուներ ամանորյա տոնակատարության համար ծախսել 420 միլիոն դրամ։ Միայն տոնածառի լույսերը վառելն արժեցել է 89 միլիոն դրամ, իսկ հրապարակի շատրվանները զարդարելը՝ 79 միլիոն դրամ։
2024 թվականն է, իսկ Հայաստանի մայրաքաղաքի փողոցները ձեռքով են մաքրում։
Ո՞ւմ են զարմացնում իշխանությունները՝ Երևանն Ամանորին թանկարժեք լույսերով զարդարելով, երբ առաջին անհրաժեշտության ապրանք չունեն, օրինակ՝ ձյուն մաքրող սարքավորում։
Ի դեպ, տարիներ առաջ նույն Տիգրան Ավինյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհուրդ էր տալիս փողոցներում ձյուն մաքրել։
Նույն խորհուրդն ինքն իրեն չի՞ ուզում տալ։։