Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, հայտնում է Փաստինֆոն։
Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ.Խաչատրյանը իրավասու չէ նման հարց բարձրացնել, ինչի դեմ Տիրան Խաչատրյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՎԴ/2529/05/21 և ՎԴ/1788/05/21 վարչական գործերով արդեն իսկ վիճարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափությունը և օրինականությունը, ուստիև ակնհայտ է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին Արշակ Կարապետյանի նշանակմամբ ուղղակիորեն խախտվել է Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ (պատշաճ վարչարարության իրավունք), 57-րդ (աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք) հոդվածներով սահմանված իրավունքները, որոնցով պայմանավորված է նաև սույն հայցով Հայցվոր կողմից շահագրգռվածությունը: (…)»,- նշել է փաստաբանը։
Նրա արձանագրմամբ՝ 10.03.2021թ. Տիրան Խաչատրյանի հայցի հայցադիմումն ընդունվելու պայմաններում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցված է «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՀ-25-Ա հրամանագրի կատարումը, իսկ մեկ այլ գործով կասեցված են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և 2-Ա հրամանները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. թիվ 830-Ա հրամանը:
«Հետևաբար, վերոգրյալ հանգամանքները ևս վկայում են նրա մասին, որ ցանկացած անձի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելը չպետք է իրականացվեր (այդ պրոցեսի կասեցված լինելու հիմքով), քանի որ այդ պաշտոնին Հայցվորի ազատման կապակցությամբ առկա է այլ դատական գործերի առկայություն, որոնցով գործն, ըստ էության, դատական դեռևս չի կայացվել»,- ընդգծել է փաստաբանը։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հայցվորի «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը ենթակա է գնահատման նյութական իրավունքի նորմերի վերլուծության և գործի փաստերի գնահատման միջոցով՝ գործի, ըստ էության, քննության փուլում՝ համապատասխան վարչադատավարական ընթացակարգերի միջոցով, որպիսի պարագայում բացակայում է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքը ու վերացրել վարույթի ընդունումը մերժելու մասին որոշումը։
Ասել է թե՝ վարչական դատարանը հայցադիմումը պետք է վարույթ ընդունի ու քննարկի Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջը։
asekose.am