Թուրքիայում ամենահեղինակավոր Բոսֆորի համալսարանում ուսանողները բողոքում են նոր նշանակված ռեկտորի դեմ, որը քաղաքային իշխանությունից է և իշխող կուսակցության անդամ:
Ուշագրավ է, որ ցուցարարների պաստառների վրա, բացի «atanmış değil, seçilmiş rektör istiyoruz» («Մենք ուզում ենք ոչ թե նշանակված, այլ ընտրված ռեկտոր») գրությունից, կա նաև թուրքերենում բազմիմաստ kayyum բառը (արաբական փոխառություն)։ Ժամանակակից էրդողանական Թուրքիայում kayyum բառը նշանակում է նշանակված պաշտոնյա, իր տերերի շահն առաջ տանող անձ։
Kayyum բառը սկսել է շատ շրջանառվել հատկապես 2019 թ. մարտին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո. երկրի արևելյան այն նահանգներում, որտեղ հաղթանակ էր տարել քրդական HDP կուսակցությունը, թուրքական իշխանություններն ապօրինաբար նրանց հեռացրել էին օրինական ճանապարհով ընտրված պաշտոններից և նշանակել իրենց քաղաքապետերին, նահանգապետերին՝ kayyum–ներին։