Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր:
1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը: Եգիպտոսում համաճարակ է սկսվում, որը շատերի կյանքն է խլում: Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Իրականում Աջը վերադարձվում է Հեթում թագավորի ջանքերով, որը գնում է այն եգիպտացիներից:
1439 թ. Սսի կաթողիկոսարանից անհետանում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած անհաջողությունները բացատրում են հատկապես Աջի անհայտացմամբ, որն էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին:
Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. պարսից Շահ Աբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.՝ այլևս չլքելով Ս. Էջմիածինը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող բազկի և մատների տեսք ունեցող արծաթե պատյանում դեռևս Ե դարում ամփոփվել են առաքելաշավիղ մեր Հայրապետի՝ Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները: Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ազգի ձեռքբերումներին, պատուհասներին և վերելքներին, քաղաքական և կաթողիկոսական Աթոռի տեղափոխման դրդապատճառներով Հայոց Հայրապետների հետ դեգերել տարբեր վայրեր` մշտապես իր օրհնությունը բաշխելով հավատավոր հայությանը:
Այս Աջի հետ հայի կապվածությունը դիպուկ բնորոշել է ԺԷ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին` արձագրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների, իրադարձությունների ժամանակ, երբ հավատացյալներին հնարավորություն է տրվում մոտենալ սրբությանը և օրհնություն ստանալ բազմաչարչար Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարներից: