Ալիևների ընտանիքը երեկ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականի (ադրբ. Զանգելանի) ու Որոտանի (Կուբաթլուի) շրջաններ։ Այդ այցից երեկ մի լուսանկար տարածվեց, որտեղ Ալիևների ընտանիքը գրկել է Սոսու ծառը։ Համացանցում արագ տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդեր վարչական շրջանի տարածքի մեջ մտնող Սոսիների պուրակը հանձնվել է Ադրբեջանին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանը նշեց, որ այս ծառը, որը որ գրկել են նկարում Ալիևները, համարակալված է ու այդ ծառերը համարակալվել են տարիներ առաջ։ Բացի այդ՝ Սոսիների պուրակը երբեք չի մտել Կովսականի ու Որոտանի շրջանների մեջ։ Ղազարյանը շեշտեց նաև, որ 1958 թվականին Սոսիների պուրակը ամբողջությամբ մտել է Սյունիքի մարզի տարածքի մեջ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասաց, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։
«Հնարավոր է լուսանկարն այնտեղ արված լինի, որովհետև Սոսիների պուրակի փոքր հատվածն է մեր վերահսկողության տակ մնացել, իսկ մեծ մասը իրենց վերահսկողության տակ է հենց առաջին օրվանից՝ դեկտեմբերի 18-ից»,-ասաց Փարսյանը։