Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տարածաշրջանային տրանսպորտային հավակնոտ առաջարկ է, որի նպատակն է Հայաստանը կապել հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հետ, գրում է Atlantic Council-ը։
Նախաձեռնության նպատակն է վերակենդանացնել և զարգացնել կարևոր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր՝ ապրանքների, էներգիայի և մարդկանց հոսքն այս երկրներով դյուրացնելու համար՝ Կասպից ծովը միացնելով Միջերկրական ծովին, իսկ Պարսից ծոցը՝ Սև ծովին՝ ավելի պարզ և արդյունավետ տրանսպորտային կապերի միջոցով: Նախաձեռնությունը Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ բանակցությունների ֆոնին միաժամանակ ներկայացնում է Հայաստանի խաղաղության օրակարգի զգալի մասը:
Հայաստանի իշխանություններն այս ուղիները դիտարկում են որպես ներգրավված երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի զարգացման ուղիներ՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը և կայունությանը:
Տարածաշրջանին տնտեսապես օգուտ բերելու, Հարավային Կովկասում խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու և Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու համար Արևմուտքն առավել ամուր դիվանագիտական աջակցությամբ և ենթակառուցվածքային ներդրումներով պետք է աջակցի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
Սակայն «Խաղաղության խաչմերուկը» բախվում է աշխարհաքաղաքական զգալի խոչընդոտների։ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է աջակցել Հայաստանի նախաձեռնությանը։
Հայաստանի հարևանները պետք է բարեխղճորեն գնահատեն նախաձեռնությունը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ առևտրային կենսունակության հիմքերով: Եթե «Խաղաղության խաչմերուկն» իրագործվի, այն կարող է զգալի օգուտներ բերել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային՝ խթանելով տարածաշրջանային առևտուրը և բացելով նոր շուկաներ:
Ադրբեջանի համար դա կարող է ավելի ուղիղ ճանապարհ ապահովել դեպի եվրոպական շուկաներ, մինչդեռ Թուրքիան կարող է նվազ կայուն տարածաշրջանները շրջանցող ընդլայնված առևտրային միջանցքներ տեսնել: Բացի դրանից, նախագիծը դիվանագիտական կամուրջ կարող է ծառայել՝ թուլացնելով երկարատև լարվածությունն ու պատմական հակամարտությունը վերածելով միջազգային առևտրի կենտրոնի:
Մասնավորապես Թուրքիայի համար այս նախաձեռնությանն աջակցելը կարող է նրան ռազմավարական առումով դիրքավորել որպես տարածաշրջանում խաղաղության միջնորդ, որն ընդունակ է ամրապնդել դիվանագիտական հարաբերությունները ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև ամբողջ Եվրոպայի և Ասիայի հետ:
Փոխարենը Բաքուն կոչ արեց բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանական հայեցակարգը ներառում է Ադրբեջանի հետ մեկ տարանցիկ ճանապարհի բացում, մինչդեռ հայկական նախագիծը նպատակ ունի բացել մի քանի սահմանային անցումներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ:
Հայաստանը հաստատապես հայտարարել է, որ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորստի կամ իր տարածքի նկատմամբ երրորդ կողմի վերահսկողությանն առնչվող ցանկացած քննարկում կարմիր գծեր են։
Սյունիքին առնչվող Ադրբեջանի ծրագրերը վնասում են նաև Արևմուտքի շահերին:
Նախ, դա կխաթարի Արևմուտքի ավելի լայն ռազմավարական նպատակը՝ կայունացնել և տնտեսապես զարգացնել Հարավային Կովկասը, որը կարևոր է էներգետիկ ուղիների և Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հավասարակշռության համար:
Կասեցնելով ավելի լայն տարածաշրջանային ինտեգրացիոն նախաձեռնությունները՝ Ադրբեջանի դիրքորոշումը հավերժացնում է կախվածությունը Վրաստանի միջով գոյություն ունեցող ուղիներից, որոնք բախվում են լոգիստիկ խոչընդոտների և արտաքին աշխարհաքաղաքական ազդեցությունների պատճառով կարող են ենթարկվել խափանումների:
Այս շարունակական լարվածությունն ու դրանից բխող համապարփակ խաղաղության ու համագործակցության բացակայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին հնարավորություն են տալիս իրենց ազդեցությունը գործադրել այնտեղ: Հայաստանի մեկուսացումը ստիպում է նրան պահպանել իր կախվածությունը Ռուսաստանից՝ հակազդելով տարածաշրջանում ժողովրդավարական կառավարման և շուկայի ազատականացմանն ուղղված Արևմուտքի ջանքերին: Այս իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ ավտոկրատական Ադրբեջանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ, Իրանը շահում է՝ դիրքավորվելով որպես Հայաստանի կարևորագույն գործընկեր էներգետիկայի և առևտրի ոլորտում, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով՝ մերժելով Հարավային Կովկասում ազդեցությունը պահպանելու Սյունիքի ծրագիրը։ Փակ պահելով Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանները՝ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական և կապի հնարավորությունները՝ սահմանափակելով տարածաշրջանում Արևմուտքի ներգրավվածության և ներդրումների հնարավորությունները:
Սա Հայաստանին դարձնում է չափազանց կախված Ռուսաստանի հետ առևտրից։ Բաքուն երկար ժամանակ դժգոհում է Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերից և պետք է ողջունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտուր բացելու Երևանի ցանկությունը, ինչպես նաև Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ից դուրս գալու պարտավորությունը: Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ավելի խոստումնալից ճանապարհ է առաջարկում:
Բացելով տարածաշրջանը և ճանապարհ հարթելով Հարավային Կովկասում փոխադարձ տնտեսական աճի և համագործակցության նոր դարաշրջանի համար՝ «Խաղաղության խաչմերուկը» կարող է տարածաշրջանային կայունության և բարգավաճման կատալիզատոր ծառայել:
Այս նախաձեռնությունը ոչ միայն հակադարձում է Սյունիքի միջանցքի ծրագրի սահմանափակող բնույթին, այլև տնտեսական խթանները համադրում է աշխարհաքաղաքական հնարավորությունների հետ: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն արևմտյան երկրների կողմից արժանի է ավելի ուժեղ աջակցության և ներգրավվածության: Աջակցելով Անդրկասպյան միջանցքին ինտեգրվելու և Հարավային Կովկասում համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի ջանքերին` արևմտյան երկրները կարող են օգնել տարածաշրջանը դարձնել Ռուսաստանից ավելի քիչ կախում ունեցող կենսունակ տնտեսական հանգույց:
Ենթակառուցվածքային ներդրումների մեծացումը, հստակ դիվանագիտական աջակցությունն ու ռազմավարական գործընկերությունները, մասնավորապես, հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին բարելավումը, տարածաշրջանում ավելի հավասարակշռված աշխարհաքաղաքական լանդշաֆտ ստեղծելու հարցում կարող են ամրապնդել Արևմուտքի հանձնառությունը: Սա պետք է սկսվի Թուրքիայի և Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելով՝ կառուցողականորեն ներգրավվելու նախաձեռնությամբ և Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրեր կնքելու, որոնք կօգնեն զսպել ագրեսիան և պահպանել բաց ու անվտանգ առևտրային ուղիները:
Հետագայում, արևմտյան երկրները պետք է նպատակային ֆինանսավորում և ֆինանսական խթաններ ներդնեն, միաժամանակ տարածաշրջանում ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման համար տեխնիկական աջակցություն ցուցաբերեն: Հնարավոր նոր առևտրային համաձայնագրերը և մասնավոր հատվածի մասնակցության խթանումը, արևմտյան բիզնեսներին խրախուսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում ներդրումներ կատարել և համագործակցել տեղական ընկերությունների հետ, ինչը կնպաստի նախաձեռնությունն ավելի կենսունակ դարձնելուն:
Հայաստանին արևմտյան աջակցության աճը կարող է նաև կատալիզատոր ծառայել ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությանն ու բարգավաճմանը՝ նախադեպ ստեղծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման և համատեղ զարգացման ջանքերի համար: Արևմտյան քաղաքականություն մշակողները, հետևաբար, պետք է նպաստեն բաց, կայուն և կոոպերատիվ միջազգային համակարգերը խթանող «Խաղաղության խաչմերուկ»-ի ինտեգրմանը տարածաշրջանային հաղորդակցության ծրագրերին, և կարող են Հայաստանը Եվրասիայի տարածքով տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացման հիմնական խաղացող դարձնել:
Աղբյուր՝ News.am