Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին ասել է, որ Իսրայելը պետք է սպասի Իրանի պատասխանին «Ճշմարիտ խոստում 3» գործողության շրջանակներում։
«Մենք չենք բացառում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի որևէ կանխարգելիչ հարված՝ Իրանին հետ պահելու «Ճշմարիտ խոստում» օպերացիան իր երրորդ տարբերակով իրականացնելուց»,- ասել է Ֆադավին «Ալ Մասիրահ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Իսրայելը չունի բավարար հնարավորություններ Իրանին դիմակայելու համար։ «Իրանը և դիմադրության ճակատը պատրաստ են, սակայն սիոնիստները չեն կարողանում մեզ դիմակայել և պետք է սպասեն մեր պատասխանին»,- ասել է նա։
«Մենք բավականաչափ զենք ունենք մեր զինանոցներում և ունենք բավականաչափ ուժ՝ սիոնիստներին հաղթելու համար»,- նշել է Ֆադավին՝ հավելելով, որ «Սիոնիստական ռեժիմի աշխարհագրությունը փոքր է, և մենք ունենք մի շարք մեծ և ազդեցիկ թիրախներ այս ռեժիմի ներսում»։
Աղբյուր՝ ԻՌՆԱ