Ինչպես տեղեկացնում է Yerevan Today-ը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է կանխիկ ձևով և էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցադրումներով բարձրաձայնեց որոշակի մտահոգություններ․
«Վիճակախաղերում կամ շահումով խաղերում ներգրավվածների վիճակագրությունը բավական մտահոգիչ է՝ մասնակիցների թիվը 2018 թ.-ի 18.300-ի դիմաց 2020 թ.-ին հասել է 44082-ի, սա մեծ հաշվով սարսափելի ցուցանիշ է»,- ասաց պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ խաղային բիզնեսում շրջանառվող 3.9 տրիլիոն դրամը համախառն ներքին արդյունքի 1/2-ն է և եթե դրանք ներառվեն պետության համախառն ներքին արդյունքի մեջ, ապա մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ մեծ կլինի:
Կառավարության ներկայացուցչի արձագանքից հետո պատգամավորն ընդգծեց, որ ներկայում շահած քաղաքացին չի հարկվում և իր բարձրացրած խնդիրը դա է։




