Իմ գործընկեր Միրզոյանի հետ այսօր քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել․ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և հանգստություն, և Հարավային Կովկասի երկարատև կայունությունն այս տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից ևս ծայրաստիճան կարևոր է։ Հատկապես քովիդից և ուկրաինական պատերազմից հետո Արևելք-Արևմուտք Միջին միջանցքը ծայրաստիճան կարևորություն է ստացել։ Այդ իսկ պատճառով, որպես այդ երթուղու վրա գտնվող երկրներ՝ ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար, այլև հատկապես Ասիայի և Եվրոպայի համագործակցության բարձրացմանն ուղղված քայլերում էլ կարևոր ներդրումներ կարող ենք ապահովել»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը:
Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում կարևորեց Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը:
«Ասացի, որ մենք այսօր կրկին քննարկել ենք, թե կարգավորման գործընթացում ինչ քայլեր կարող ենք անել։ Դրանցից մեկն էլ պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի (խմբ.- Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա) վերակառուցումն է։ Մի կողմից ապագային ուղղված մեր նախապատրաստությունները շարունակվում են, սահմանային անցումներում կամուրջների հետ կապված երկու կողմերում էլ անալիզներ, եզրակացություններ/հաստատումներ կան, և սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք կարող ենք կատարել։ Այդ քայլերն էլ ավելի արագացնելու համար այսօր համաձայնություն ենք ձեռք բերել»,- տեղեկացրեց Թուրքիայի ԱԳ նախարարը: