Ռուս զինվորականները շրջափակել են Ուկրաինայի Սումի եւ Կոնոտոպ քաղաքները, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Զինված ուժերի ստորաբաժանումները շրջափակել են Սումին ու Կոնոտոպը, եւ միջոցներ են ձեռնարկում այդ քաղաքներում ու դրանց արվարձաններում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները շարքից դուրս են բերել ընդհանուր առմամբ 211 ուկրաինական ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ՀՕՊ Ս-300 19 զենիթահրթիռային համալիրներ եւ «Օսա», ինչպես նաեւ 39 ռադիոլոկացիոն կայաններ: Կոնաշենկովը պատմել է, որ խոցվել է նաեւ վեց ուկրաինական մարտական ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ եւ հինգ անօդաչու թռչող սարք:
«Ոչնչացվել է 67 տանկ եւ այլ մարտական զրահամեքենա, 16 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 87 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-հավելել է ՊՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս զինվորականները գրավել են Կիեւի մերձակայքում «Գոստոմել» օդանավակայանը, այնուհետեւ արգելափակել են Չերնիգովը:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 24-ի առավոտյան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ նպատակն է պաշտպանել մարդկանց, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիեւի ռեժիմի կողմից, ինչպես նաեւ Ուկրաինայի ապառազմականացումը եւ ապաազգայնականացումը: Ռուս զինծառայողները սկսել են հարվածել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ, ընդ որում՝ Պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ քաղաքացիական հասարակությանը վտանգ չի սպառնում:
News.am