Այսօր առավոտվանից տեղի ունեցող իրադարձությունները՝ խուզարկություններ, ձերբակալություններ, մեղադրանքների առաջադրումներ, ռեպրեսիա են՝ բառի ամենաուղիղ իմաստով, որովհետև եթե սրանք զուտ իրավական գորխծընթացներ են, ապա չպետք է հատեն իշխանության ներկայացուցիչների վարքագիծը՝ պահպանելու չեզոքություն և զսպվածություն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Որովհետև ֆեյսբուքում կամ այլ հարթակում տեղ գծատ երկու-երեք տողանոց հասարակ հրապարակումը ինքնին ճնշում է իրավապահ համակարգի վրա։ Երբ ի սկզբանե հայտարարվում է, որ հեղաշրջում է իրականացվում կամ պլանավորվում, իրավապահ մարմինները որոշակի շրջանակների մեջ են դրվում, որովհետև ենթագիտակցորեն ստանում են հրահանգ՝ ապացուցելու վերադասի հայտարարությունները։ Հետևաբար այս ամենում իրավական որևէ նշույլ չկա։
Իհարկե, ես չեմ կարող ասել՝ իրականում այսպիսի մտահղացում եղել է, թե չի եղել։ Բայց, թե ինչպես է դա արտահայտվում քաղաքական դերակատարների սոցիալական էջերում, իրենց քաղաքական խոսույթում, այստեղի կարելի է հստակ եզրակացնել, որ ռեպրեսիվ համակարգը միացվել է, և իրավապահ համակարգը շատ հստակ ուղղորդվում է։ Իմիջիայլոց, նույնիսկ Քննչական կոմիտեում հոդվածների մասին տեղեկություն չկա, բայց արդեն խոսվում է ահաբեկչության պլանավորման մասին»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Արա Պողոսյանի՝ իշխանության ներկա վարքագիծը հստակ ցուցիչ է այն բանի, որ գործող ռեժիմի ներսում ներքին ճգնաժամ կա։
«Այդ ճգնաժամն արտահայտվում է իշխանության կորստի վախով, իսկ այդ վախն էլ արտահայտվում է այն ժամանակ, երբ իշխանությունը կորցնելն իրենց տեսանկյունից լինում է իրական և շոշափելի։ Իսկ վտանգը կարող է լինել իրական և շոշափելի, երբ հասարակության ներսում նշմարվում են այնպիսի տրանսֆորմացիաներ, որոնք արտահայտվում են նոր մոբիլիզացիոն հոսքերով, նոր դերակատարների ի հայտ գալով, նոր ռեսուրսների ներգրավմամբ։
Եթե նայենք վերջին սոցհարցումները, կտեսնենք, որ իշխանությունը մտածելու շատ բան ունի այն իմաստով, որ հատել է հասարկության հետ կոմպրոմիսի բոլոր հնարավոր ճանապարհները։ Իշխանությունները թե՛ իրենց քաղաքական խոսույթով, թե՛ մարդկային և քաղաքական վարքագծով ատելություն են տարածել, սպառել են երկխոսելու հնարավորությունը։ Այսօր իշխանության հետ երկխոսությունը տվյալ անձի համար կոմպրոմատ է»,- նշեց մեր զրուցակիցը։





